Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ:
Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նման քննարկում անցկացնելու համար խմբակցությանն է դիմել «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը:
Նախաձեռնության անդամ Հայկ Դորունցի խոսքով երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձինք են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով:
Նա ընդգծել է, որ համակարգային փոփոխությունների միակ իրական երաշխիքը հասարակական պահանջն է, որը պետք է ձեւավորվի բաց եւ հրապարակային քննարկումների միջոցով:
Նախաձեռնության անդամների կարծիքով սահմանադրական եւ իրավական փոփոխությունների շուրջ համախմբումը կարող է դառնալ քաղաքական գործընթացների նոր օրակարգի հիմք:
Սահմանադրական փոփոխությունների առաջնահերթությունը կարեւորել են նաեւ մյուս մասնակիցները: