Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության. «Հայաստան» դաշինք | news.am

news.am «Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը»,- այսպես է արձագանքել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքները համակարգող Ագնեսա Խամոյանը՝ երեկ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության վերաբերյալ հայտարարությանը։

Նա նշել է. «Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։ Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։ Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության: Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։ Հետեւաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը»։

Հիշեցնենք՝ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե Քոչարյանը պետք է դառնա վարչապետ, ապա ինքը չի պատրաստվում ընտրություններից հետո միավորվել «Հայաստան» դաշինքի հետ։

Նա հավելել էր, որ ոչ նախկին, ոչ էլ գործող կուսակցությունների հետ կոալիցիա չի պատկերացնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն