armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասնել է, որ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ իր վերջին հեռախոսազրույցի հիմնական նպատակը նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելն է եղել։
Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել իր և ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի հեռախոսազրույցի ընթացքում։
«Իմ գործընկերոջ ծննդյան օրվա կապակցությամբ է եղել հեռախոսազանգը։ Պետք է ասեմ, որ ամենալավ ու հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ և մենք մշտապես խոսում ենք բաց, խոսում ենք ուղիղ՝ երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Մի քանի օրից ես մեկնելու եմ Ստամբուլ, նա նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք։ Ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը, այլ պարզապես կշփվենք»,-ասաց Սիմոնյանը։
Ավելի վաղ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Ստամբուլում կմասնակցի Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին, որտեղ հանդիպումներ են նախատեսված Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հետ։
Ապրիլի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։