azatutyun.am Քննչական կոմիտեն «Ազատության» հարցմանը պատասխանել է, որ քննում են Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը: Ընդ որում, քննությունն արվում է եկեղեցու միջադեպից հետո հարուցված գործի շրջանակում:
Գործը հարուցված է խուլիգանության և պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով: Երեկ կալանքից ազատ արձակված Դավիթ Մինասյանը հենց այդ հոդվածներով է մեղադրվում, եղբայրը՝ Միքայելը, օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար:
Թե ինչ կարգավիճակ ունի Դավիթին բռունցքով հարվածած վարչապետի անվտանգության աշխատողը, Քննչականը չի մանրամասնում:
Հսկող դատախազի որոշմամբ երեկ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանին երեկ ուշ երեկոյան հիվանդանոցից տեղափոխել էին բանտ։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում: Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էր։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: