Վիզաների ազատականացումը դեպի ԵՄ երկրներ արտագաղթի չի հանգեցնի. Արփինե Սարգսյան | armenpress.am

 armenpress.am Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։

Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Եվ Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը։ Պետք է փաստեմ նա, որ այս ծրագիրը նաև վերաբերում է այն ոլորտներին, որոնք հենց Կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Խոսքը միգրացիոն, ապաստանի հարցերի, հանրային անվտանգության, մարդու իրավունքների, սահմանների համալիր կառավարման ոլորտների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին է և այսպես շարունակ։ Ներքին գործերի նախարարությունն ունի համակարգողի դեր. և պիտի փաստեմ, որ գնահատման առաջին զեկույցը կունենանք մայիսին, և վստահ եմ, որ երկկողմ դրական  արդյունքներ ենք արձանագրելու»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս համատեքստում անընդհատ հարց է հնչում, թե չկա՞ արդյոք մտավախություն, որ վիզաների ազատականացման շրջանակներում  կլինի արտագաղթի ռիսկ դեպի Եվրոպական միության երկրներ։ «Ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն Հայաստանը չունի, որովհետև Հայաստանում հաստատված խաղաղության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերածվել է ներգաղթի, և այս պայմանների խնամքով պահպանման պայմաններում ներգաղթի միտումները, վստահաբար, գնալով ավելի կշատանան»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն