Ձեր իշխանությունը հակասությունների, մանիպուլյացիաների, կեղծիքի, ավելորդ ինքնագովաբանության իշխանություն է, որը այս տարիների ընթացքում այնպես էլ դուրս չեկավ ընդդիմադիրի իր կարգավիճակից, որովհետև ինքը իր դեմ աշխատանք է իրականացրել, և դրա մասին են վկայում իրարամերժ բոլոր գործողությունները և իրարամերժ բոլոր արտահայտությունները։
Այս մասին ՀՀ ազգային ժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրի անցյալ տարվա կատարողականի քննարկմանը։
«Մենք ունեցել ենք արժեքներ` պետականություն, ինքնիշխանություն, բանակ, եկեղեցի, միասնական ջանքեր, ռազմավարական նպատակներ, բայց դուք այդ ամենը ձախողել եք, ձախողել եք իրականում և գոյություն ունեցող սխալները բազմապատկել եք։ Մի քանի անգամ եք բազմապատկել, մանավանդ իրավունքի գերակայության, արդարադատության, խնամի-ծանոթ-բարեկամի, վախի մթնոլորտի, սպիտակների, սևերի բաժանելու»,- նշել է նա:
Օհանյանի խոսքով՝ ՔՊ-ի ղեկավարման ժամանակ յուրաքանչյուր տարի եղել են անհաջողություններ և ցավալի պահեր՝ նշելով, որ իշխանությունն Արցախի մասին իրարամերժ հայտարարություներ է արել, ապա 2020թ.-ին բերել պատերազմ:
«Ոչ ադեկվատ կառավարումը և այդ իրարամերժ գործողություններն են բերել նրան, որ հիմնական հանցագործը՝ Ադրբեջանը, սկսել է մարտական գործողություններ, և պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու և հաջողություններ, հաջողություններ ունենալու, մեր առջև դրված խնդիրը կատարելու, իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի պնդումների մասին, որ գեներալներ են փախել, պաշտպանության նախկին նախարարը հայտնեց. «Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, 265-ը մինչև հոկտեմբերի 27-ը 1 ամիս պահել են, 1 ամիս պահել են, այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց Ձեր վրա է»:
Օհանյանը պնդեց, որ Փաշինյանի պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել, հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան և Մեղրի:
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ ՔՊ-ի ծրագրում եղել են Արցախի ինքնորոշումը և դեօկուպացիան, բայց ոչինչ չի իրականացվել, բայց իշխանությունը հետևություններ չի արել սխալներից. «Ադրբեջանը 100 կմ ավելի արագ է եկել և գրավել մեր ռազմավարական բարձունքները, մեր ռազմավարական ճանապարհները։ Սյունիքի հատվածում, Ջերմուկի հատվածում 100 կմ ավելի արագ է զբաղեցրել, քան մենք: Ունենալով մեր դիմացը սահմանամերձ բնակավայրեր՝ այդ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պաշտպանելու համար ավելի արագ պետք է բարձրացնեինք, բարձրանայինք և զբաղեցնեինք այդ բարձունքները։ Հիմա դուք ասում եք` փախել են, փախել են ձեր ղեկավարությամբ, գնացեք, որոշում ընդունեք»։
Անդրադառնալով 44-օրրյա պատերազմի զեկույցին՝ խմբակցության ղեկավարը հարց բարձրացրեց, թե ինչու այն չեն հրապարակում:
Օհանյանի անդրադարձավ իշխանության մեղադրանքներին, որ Արցախում իշխանափոխությունից հետո են տեղի ունեցել 2023թ. բռնի տեղահանումն ու պատերազմը՝ նշելով, որ Արցախի նոր ղեկավարությունը ՀՀ այս իշխանության հետ է եղել անմիջական կապի մեջ. «Ո՛չ ես, ո՛չ մնացածը իրենց հետ կապի մեջ չեն եղել և դուք եք, դուք եք, դրա համար դուք եք դրա համար պատասխանատու դուք»:
Ըստ Օհանյանի՝ 2024-ին իրականացված սահմանազատումը և սահմանագծումը չեն բխում ՀՀ շահերից, 2025 թվականի նախաստորագրված փաստաթղթում ևս այդ շահերը անտեսված են:
«Մենք նորից ենք կրկնում, բայց դա չի նշանակում` մենք խաղաղության կողմնակից չենք, դա նշանակում է, որ յուրաքանչյուր իրավիճակից ելնելով՝ գնահատական է հնչեցվում և այդ գնահատականից որոշումներ է ընդունվում նաև փաստաթղթերի վերաբերյալ, նաև վերաբանակցելու վերաբերյալ։
Դուք ասում եք՝ խաղաղությունըանվտանգության երաշխիք է, խաղաղությունը անվտանգության երաշխիք չէ։ Ես հոգնել եմ կրկնելուց, որ խաղաղությունը ազգային անվտանգության հիմնարար արժեք է, երաշխիքների գործադրմամբ արդյունք, իսկ երաշխիքները լինում են ազգային և միջազգային»,- ասաց Օհանյանը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի սեպտեմբերին, Օհանյանը ասաց. «Պատերազմը լինելու է ինչ-որ բանի համար, չէ՞, եթե լինի ինչ-որ բանի համար՝ միջանցք, չգիտեմ, տարածքներ, Սահմանադրության փոփոխություն, եթե դուք լինեք, չի լինելու։ Էդ նշանակում է` դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք էդ ամեն ինչը տալու։ Դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին, կոչ եմ անում, որ թույլ չտանք 2026թ.-ին այս շարունակական անհաջողությունը»: