Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության և «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախապես հայտարարված համագործակցությունը ընտրարշավում չի կայացել: Այս մասին Խզմալյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Մեր վերջին վճռական հանդիպման ընթացքում պարզվեց, որ մեր գործընկերների առաջ քաշած նոր պայմանները, անբովանդակ և անգաղափար են դարձնելու Եվրոպական կուսակցության մասնակցությունը։ Բացի դա, մեր առաջարկը հավասար մասնակցության և համամասնական ներկայացուցչության՝ մերժվեց։ Եվրոպական կուսակցության գերխնդիրը և սկզբունքը՝ եվրոպական Հայաստանը, ավելի վեր է, ավելի կարևոր է, քան մարտավարական փոխզիջումները։ Մենք մեր փոխզիջումներն արեցինք։ Մեր գործընկներների համար դա բավարար չէր։ Մաղթում ենք նրանց հաջողություն։ Ստիպված ենք հրաժարվել համագործակցությունից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Խզմալյանի կուսակցությունը հայտարարել էր, որ «Բոլորին դեմ եմ»-ի հետ մեկ ցուցակով մասնակցելու են ընտրություններին։