Իրանական կողմը դեռևս չի հաստատում Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններին իր մասնակցությունը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
«Իրանական բանակցային խումբն ընդգծել է, որ քանի դեռ ուժի մեջ է մնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի ծովային շրջափակման վերաբերյալ, որևէ բանակցություն տեղի չի ունենա»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Իսլամաբադ Իրանի հետ նոր բանակցություններ վարելու նպատակով։
«Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ (Պակիստան). նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցություններ վարելու նպատակով»,- նշել էր ԱՄՆ նախագահը։
Նախորդ շաբաթ Պակիստանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի էին ունեցել բանակցություններ։ Կողմերը համաձայնության չէին հասել։ Տարաձայնությունների ամենակարևոր կետերից մեկը Իրանի միջուկային ծրագիրն էր։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։