armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թ. հունիսին հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներից հարստացված ուրանի դուրս բերումը երկար ժամանակ կպահանջի։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են իրանական միջուկային օբյեկտների «լիակատար ոչնչացման»։
«Հետևաբար, (խմբ.՝ հարստացված ուրանի) դուրս բերումը կլինի երկար և բարդ գործընթաց», – հավելել է Թրամփը։
Նա նաև քննադատել է CNN-ին և ամերիկյան այլ լրատվամիջոցների կեղծ լուրեր տարածելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ իր հարստացված ուրանը։
Իրանի հետ հակամարտության շուրջ ԱՄՆ նախագահը ևս մի քանի գրառում է արել Truth Social-ում։ Դրանցից մեկում նա նշել է, որ New York Times-ի, Wall Street Journal-ի և Washington Post-ի ընթերցողները կկարծեն, թե ԱՄՆ-ն պարտություն է կրել, սակայն դա այդպես չէ։ Թրամփի խոսքով՝ ամեն բան «լավ է ընթանում», թշնամու նավատորմը և օդուժը ոչնչացվել են, Իրանի նախկին ղեկավարները չկան, և տեղի է ունեցել «ռեժիմի փոփոխություն»։
«Եվ ամենակարևորը, շրջափակումը, որը չի վերացվի, մինչև գործարք չլինի, լիովին կործանում է Իրանը։ Նրանք օրական 500 միլիոն դոլար են կորցնում», – գրել է նա։
Մեկ այլ գրառման մեջ էլ Թրամփը քննադատել է դեմոկրատներին, որոնք, ըստ նրա, անում են ամեն բան, որպեսզի վնասեն ԱՄՆ-ի «ուժեղ դիրքերը»։ Թրամփի խոսքով՝ ԶԼՄ-ները պնդում են, թե իր վրա «ճնշում» է գործադրվում համաձայնության հասնելու համար։
«Դա ճիշտ չէ։ Ես ճնշման տակ չեմ, չնայած դա (խմբ.՝ համաձայնության ձեռք բերումը) համեմատաբար արագ տեղի կունենա», – գրել է նա։