factor.am «Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը չի ազդում մեր հարաբերությունների վրա»․ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարիան դե Յոնգը։
Դեսպանը մեկնաբանել է Նիդերլանդների խորհրդարանում Արցախի մասով ընդունված բանաձևի պատճառով Ադրբեջանում առաջացած դժգոհությունը։
«Ես դա հասկանում եմ։ Ես կցանկանայի մի փոքր ավելի մանրամասն բացատրել մեր երկրում իշխանությունների տարանջատման համակարգը։ Մեր խորհրդարանը գործում է Կառավարությունից անկախ։ Մենք որևէ ազդեցություն չունենք դրա վրա։ Մենք կարող ենք միայն տեղեկատվություն տրամադրել, բայց նրանք որոշումներ են կայացնում անկախ։ Խորհրդարանը բաղկացած է 150 անդամից և արտացոլում է հասարակության բազմազան կարծիքները», – նշել է դեսպանը։
Դիվանագետն ասել է, թե, իբրև, հայամետ ուժերը Նիդերլանդների խորհրդարանում ավելի բարձրաձայն լինելու միտում ունեն. «Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ Նիդերլանդներում կա բավականին մեծ ադրբեջանական համայնք: Հնարավոր է՝ ապագայում այն նաև ներկայացվածություն ունենա Նիդերլանդների խորհրդարանում: Մեզ համար խորհրդարանը քննարկման հարթակ է: Նրանք որոշումներ են կայացնում ինքնուրույն: Իրականում սա կրկնվող որոշում էր, որը մոտ ութ կամ ինը անգամ առաջ է քաշվել: Հետևաբար, սպասվում էր, որ այն կրկին կընդունվի: Սակայն անհնար էր վստահորեն ասել, քանի որ քաղաքական դաշտը որոշ չափով փոխվել էր: Ի վերջո, խորհրդարանն ընդունեց այս որոշումը: Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ սա ոչ մի կերպ չի փոխել Կառավարության դիրքորոշումը: Իմ առջև դրված խնդիրները չեն փոխվել: Մենք վերանայել ենք սա և ասել. «Շնորհակալություն ձեր կարծիքի համար»: Բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը, քանի որ կառավարությունն այս հարցում շատ հավասարակշռված դիրքորոշում ունի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարաններն Արցախի մասին բանաձևեր են ընդունել, որի կապակցությամբ Բաքվում Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններն առանձին-առանձին կանչվել էին Ադրբեջանի ԱԳՆ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում