hetq.am Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է փոխել ոստիկանության և փրկարար ծառայության համար կադրերի պատրաստման գործող մոտեցումը։ Գաղափարն այն է, որ երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո հնարավորություն ունենա ընտրել այս ոլորտներից մեկը, ստանալ պետական պատվերով մասնագիտական կրթություն և հետագայում շարունակել ծառայությունը ՆԳՆ համակարգում։ Այս մոտեցմամբ պայմանավորված՝ նախարարությունը ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:
Մասնավորապես՝ գործող կարգավորումներով ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով սովորել ցանկացող քաղաքացին պետք է լինի առնվազն 18 տարեկան և, օրենքով նախատեսված բացառություններից բացի, անցած լինի պարտադիր զինվորական ծառայություն։ Այս պահանջի պատճառով դպրոցն ավարտելուց հետո ոստիկանության կամ փրկարար ծառայության ոլորտը որպես մասնագիտություն ընտրած երիտասարդը չի կարող անմիջապես անցնել համապատասխան մասնագիտական կրթության։
ՆԳՆ-ն խնդիր է տեսնում հենց այս փուլում։ Նախարարության հիմնավորմամբ՝ եթե երիտասարդը դպրոցն ավարտելու պահին արդեն որոշել է իր մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, այդ ընտրությունը պետք է հնարավոր լինի իրականացնել հենց այդ ժամանակ։ Հակառակ դեպքում, տարիների ընթացքում նրա մասնագիտական հետաքրքրությունները կարող են փոխվել, և նա կարող է ընտրել մեկ այլ մասնագիտություն կամ կարիերայի ուղի։
Առաջարկվող համակարգի նպատակն է ոստիկանության և փրկարար ծառայության համար կադրեր պատրաստել ոչ միայն այն ժամանակ, երբ արդեն առկա է թափուր պաշտոն, այլև ավելի վաղ փուլից՝ ձևավորելով ոլորտի ապագա մասնագետների կայուն խումբ։ ՆԳՆ-ի գնահատմամբ՝ համայնքային ոստիկանության նոր մոդելի, ոստիկանության մյուս ուղղությունների և փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրման համար անհրաժեշտ են մասնագիտական պատրաստվածություն, բարեվարքություն և հանրային ծառայության նկատմամբ պատասխանատվություն ունեցող կադրեր։
Ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման գործիքակազմ։ Երիտասարդը պետական պատվերով կստանա մասնագիտական կրթություն, կպատրաստվի ծառայության անցնելուն և հետագայում հնարավորություն կունենա իր կարիերան շարունակել ՆԳՆ համակարգում։
Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ պայմանով, որ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պարտավորություն կստանձնեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում