Տեղեկությունը, թե զեբրը փախել է Կենդանաբանական այգուց և հայտնվել Մյասնիկյան պողոտայում, «անհաջող կատակի» արդյունք է եղել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
«Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են», -նշել է Մադաթյանը ֆեյսբուքյան էջում։
Երևանի կենդանաբանական այգուց ևս հայտնել են, որ զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։
«Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։ Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ», -ասվում է Այգու տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ ներկված ավանակը, shamshyan.com