Գերիների վերադարձի հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով. Կոստանյան | news.am

Գերիների վերադարձի հարցը քննարկվել է ամենաբարձր մակարդակով. Կոստանյան | news.am

news.am Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ամբողջ օրակարգը, ինչպես նաև հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների վերադարձը, քննարկվել են եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկումները ներառել են ինչպես տնտեսական համագործակցությունը և հաղորդակցությունները, այնպես էլ քաղաքական և անվտանգային հարցերը։

«Երեկ գագաթնաժողովի ընթացքում գերիների, ռազմագերիների և պահվող այլ անձանց հնարավոր վերադարձի և այդ ուղղությամբ տարվող ջանքերի հարցերը քննարկվել են թե՛ գագաթնաժողովի փակ հատվածում, թե՛ երկկողմ հանդիպումների ընթացքում, քանի որ հրապարակային հայտարարություններ չեն եղել»,- նշեց Կոստանյանը։

Փոխնախարարը հավելեց, որ պլենար և կլոր սեղան քննարկումները ունեցել են հստակ թեմատիկ ուղղվածություն՝ ընդգրկելով հիբրիդային սպառնալիքները, ժողովրդավարական դիմակայությունը, ինչպես նաև հաղորդակցությունների, էներգետիկայի և կանաչ փոխակերպումների հարցերը։

Անդրադառնալով գերիների հարցում հնարավոր առաջընթացին՝ Կոստանյանը նշեց, որ այն մշտապես բարձրացվում է ամենաբարձր մակարդակով։

«Վերջին երկու-երեք տարիները ցույց են տվել, որ ադրբեջանական կողմի հետ երկկողմ բանակցություններն են եղել առավել արդյունավետ և արդյունք տվել։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ընդգծեց նա։

Խոսելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին՝ փոխարտգործնախարարը նշել է, որ դրանք հնչել են ոչ թե «հայկական հարթակում», այլ եվրոպական քաղաքական համայնքի հարթակում։

«Մեր դիրքորոշումները պարզ են, այստեղ որևէ փոփոխություն չկա»,- ասաց Կոստանյանը։

Անդրադառնալով հիբրիդային սպառնալիքների և ընտրական գործընթացներին հնարավոր միջամտությունների թեմային՝ նա նշեց, որ Հայաստանը համագործակցում է Եվրամիության հետ մի շարք ուղղություններով։

«Խոսքը կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի մասին է։ Այս համագործակցությունը միտված է Հայաստանում ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունն ապահովելուն։ Այլ միջամտության մասին խոսք լինել չի կարող»,- եզրափակեց փոխնախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն