ԱԺ հերթական նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են վերոնշյալ օրենքի կիրարկման ընթացքին, մասնավորապես՝ անցումային ժամանակաշրջանում մի շարք կարգավորումների հստակեցմանը։ Նրա խոսքով՝ դրանք թույլ կտան ապահովել բարձրագույն կրթության և գիտության համակարգի սահուն անցումը դեպի նոր իրողություն, քանի որ նոր օրենքը սահմանում է ինստիտուցիոնալ նոր շրջանակ և ենթադրում է լայնածավալ բարեփոխումներ։
«Անցումային փուլում անհրաժեշտ հստակեցումները կօգնեն, որպեսզի բարեփոխումների գործընթացն ավելի կարգավորված լինի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշ դրույթներ լրամշակվել են պատգամավորական առաջարկների հիման վրա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիային առնչվող դրույթներին, որոնք հստակեցնում են ակադեմիայի գործունեության պայմանները՝ հաշվի առնելով նախագահության գործունեության, ակադեմիկոսների անդամության և այլ հանգամանքներ։
«Նախարարությունը սերտորեն համագործակցում է ակադեմիայի գործընկերների հետ, և օրենսդրական այս կարգավորումներից անմիջապես հետո նախատեսվում է Կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան ենթաօրենսդրական կարգավորումները։ Դրանք հնարավորություն կտան ակադեմիայում կազմակերպել նոր ընտրություններ, ձևավորել և համալրել նախագահության թափուր տեղերը, ինչպես նաև ստեղծել ակադեմիայի գործունեության նոր պայմաններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև նշել՝ սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ նոր օրենքով ակադեմիայի գործառույթներն ու նշանակությունը առավել ընդգծվում և կարևորվում են հանրային-պետական կյանքում։
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ որոշ հստակեցումներ են արվել նաև մի քանի այլ դրույթներում՝ հիմնականում բուհերի հետ խորհրդակցությունների արդյունքում։