Վերջին օրերին հանրային քննարկման տիրույթում է Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած մանկապղծության դեպքը:
Դեռ մայիսի 2-ին էր լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել, որ 1 շաբաթ է՝ Վեդիում խոսում են մանկապղծության դեպքի մասին, որի ենթադրյալ մեղավորները այդ պահին ազատության մեջ էին։
Եվ միայն նախօրեին իրավապահ կառույցները հայտնեցին, որ կա 2 ձերբակալված անձ, և նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Լրագրողը հայտնել էր, որ սեռական բռնության ենթարկված աշակերտները հարազատ քույրեր են, որոնցից մեկը` ավագ դպրոցում սովորողը, ունի առողջական խնդիրներ, իսկ երկրորդին բռնության ենթարկելուց հետո 65-ամյա տղամարդը սպառնացել է խեղդել, եթե պատմի որևէ մեկին:
Ըստ Բադոյանի՝ տեղեկությունը հայտնի է դարձել, երբ տղամարդը, որը երեխաներին երբեմն տեղափողող տաքսու վարորդն է, իր գործողություններում ներգրավել է նաև իր հարևան 58-ամյա տղամարդուն: Բադոյանի խոսքով՝ 65-ամյա տղամարդը նրանց վստահությունը շահել է ընտանիքի բարերար ներկայացած տղամարդու միջոցով:
Արդեն մայիսի 3-ին ՆԳՆ-ն մեկնաբանեց տեղեկությունները՝ նշելով, թե դեռևս փետրվարի 12-ին Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, ըստ որի՝ մեկ անձ սեքուսալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։
Նշվում էր, որ բաժին է հրավիրվել նշված անչափահասի ծնողը, որից ընդունվել է հաղորդում։ Կարճ ժամանակ անց մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Արդեն ապրիլի 22-ին նույն բաժնում նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել արդեն 17 տարեկան աղջկա վերաբերյալ։ Ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Այնուհետև Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, թե քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մեկը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:
Քույրերի պաշտպանությունը ստանձնել են փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը և Վարդուհի Էլբակյանը:
Ինչ վարույթներ են հարուցված, և ովքեր են ներգրավված
Պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ այս պահին հարուցված է 2 քրեական վարույթ: Մեկը հարուցվել էր փետրվարի 12-ից՝ 15-ամյա երեխայի նկատմամբ տեղի ունեցած սեքսուալ բնույթի բռնի գործողությունների առթիվ, իսկ մյուսը՝ ապրիլի 22-ից՝ արդեն 17-ամյա երեխայի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության դեպքի առթիվ: Հաղորդումները տվել են դպրոցի տնօրենը, հոգեբանը, հավաքարարը, որոնք տեսել են, որ երեխաներին ինչ-որ տարբեր մարդիկ համոզելով փորձում են նստեցնել իրենց մեքենաները:
«Եթե պատկան մարմինները տեղում լինեին, չէին լինի հաջորդիվ դեպքերը, որ կրկնվել են 17 տարեկան անչափահասի նկատմամբ»,- նշել է պաշտպանը՝ ընդգծելով, որ փետրվարի 12-ին հարուցված վարույթով ձերբակալված անձ չի եղել, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչի հետևանքով էլ դեպքերը կրել են շարունակական բնույթ: Ընդ որում՝ դեպքից հետո 17-ամյա աղջիկը դպրոցի հոգեբանին պատմել է իր հետ կատարվածի մասին:
Ըստ պաշտպանի՝ գործերով անցնում է երեք անձ՝ բարերարը, տաքսու վարորդը՝ 65-ամյա Դ. Այնազյանը, և վերջինիս հարևանը՝ 58-ամյա Ա. Երեմյանը: Ընդ որում՝ ըստ փաստաբանի՝ Այնազյանն անցնում է երկու գործերով էլ, մյուս երկուսը՝ միայն մեկական գործով:
Ըստ պաշտպանի հաղորդած տվյալների՝ 65-ամյա տղամարդը տաքսի է վարում, նրան չեն վճարել երեխաներին տեղափոխելու համար, և նա ներկայանում է որպես ընտանիքի ընկեր, 58 տարեկանն ընտանիքի հետ առնչություն չունի, 17-ամյա երեխային ներկայացել է որպես հոր ընկեր, որը նրան դպրոցից տուն պետք է տանի: Իսկ բարերարը ժամանակ առ ժամանակ օգնություն է տվել ընտանիքին:
Փաստաբանը նշել է, որ բարերար ներկայացած անձի վերաբերյալ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում նյութեր կան, որոնցից մեկը, մասնավորապես, վերաբերում է մինչև 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, ինչի պատճառով նա պայմանական դատապարտվել է: Էլբակյանը հայտնել է, որ քաղաքացիական գործեր կան, բոլորը՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝ հարց ուղղելով, թե նյութապես անապահով անձը կարո՞ղ է լինել բարերար:
Փաստաբանը հայտնել է նաև, որ թե՛ Այնազյանը, թե՛ Երեմյանը հերքում են, որ սեքսուալ բնույթի գործողություններ են արել, բայց չեն հերքում, որ տեղափոխել են երեխաներին:
Հարուցված 2 վարույթներով մինչև մայիսի 5-ը 3 անձինք էլ ունեցել են վկայի կարգավիճակ, ընդ որում, փաստաբանի խոսքով, 17 տարեկան աղջիկը մայիսի 5-ին հարցաքննվել է և առերես պնդել է այն ամենը, ինչ տեղի է ունեցել իր հետ, սակայն նրանք դարձյալ վկայի կարգավիճակով դուրս են եկել բաժնից:
Պաշտպանի խոսքով՝ 17 տարեկան աղջկա վերաբերյալ կա դատաբժշկական եզրակացություն, և այն հիմք պետք է հանդիսանար կոնկրետ գործողության կատարման համար: Երեխաները նաև պաշտպանների միջոցներով են տարվել հետազոտության: Պաշտպանը, ելնելով երեխաների շահերից, այլ տեղեկություն չի հավելել, միայն նշել է, որ «այն, ինչ հայտնաբերվել է, սարսափելի է»:
Էլբակյանը հայտնել է նաև, որ այս դեպքերից հետո հորեղբայրը, տեսնելով, որ իրավապահ մարմիններից պաշտպանություն չի գտնում, ինքն էր որոշել դատաստան տեսնել և ապրիլի 26-ին միջին ծանրության մարմնական վնասվածք էր հասցրել Դ. Այնազյանին:
Պաշտպանները իրավապահ համակարգին մեղադրում են անգործության մեջ
Պաշտպան Վարդուհի Էլբակյանը պնդում է՝ վարույթներով չեն կատարվել մի շարք անհետաձգելի գործողություններ՝ խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, որով կպարզեին՝ ինչ ձայնագրություններ ու հաղորդագրություններ կան, չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ:
Ըստ փաստաբաններին հասած տեղեկությունների՝ Ա. Երեմյանի մեքենան է առգրավված եղել, և դրա մասով էլ փորձաքննություն չի կատարվել: Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել: Նրա խոսքով՝ միայն մայիսի 5-ին է թվային խուզարկություն կատարելու համար դիմում ներկայացվել դատարան:
Պաշտպանը հայտնում է՝ 15 տարեկան աղջիկը այս դեպքերից հետո այնպիսի վիճակում է, որ դժվարանում է խոսել, այդ պատճառով մայիսի 5-ին հնարավոր է եղել կազմակերպել միայն 17 տարեկան աղջկա հարցաքննությունն ու առերեսումները: Իսկ այդ գործողությունները, ըստ փաստաբանի, կատարվել են առանց պաշտպանների և անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայության:
Նախ փաստաբանը նշեց, որ մայիսի 3-ին դիմում են ներկայացրել գլխավոր դատախազին, որ այս դեպքով Վեդու քննչական բաժնում կատարվում են ապօրինություններ, անգործություններ՝ խնդրելով տեղափոխել վարույթը այլ քննչական մարմին: Սակայն վարույթի տեղափոխում տեղի չի ունեցել:
Պաշտպանը 15-ամյա երեխայի գործով քննիչին հայտնել է, որ քանի որ ունեն անվստահություն Վեդու քննչականի վերաբերյալ, հրաժարվում են մասնակցել ցանկացած քննչական և վարութային գործողության:
Դրանից հետո, ինչպես հայտնել է աղջիկների հորաքույրը, Խաչատրյան ազգանունով մի անձ զանգել է երեխաների հորը, վերջինս այդ մասին հայտնել է իր եղբորը, և երեխաների հորեղբայրը հետ է զանգել, ու Խաչատրյան ազգանունով անձը նրանց ասել է, որ մեքենա են ուղարկում, որ երեխաներին տանեն քննչական բաժին: Խաչատրյանը սկսել է հայհոյանքով խոսել հորեղբոր հետ, քանի որ վերջինս հարց է տվել փաստաբանների տեղեկացվածության մասին, ինչից հետո հորեղբայրը միայնակ գնացել է այնտեղ, որտեղ փոխադարձ հարվածներ են տեղի ունեցել: Այժմ դրա պատճառով աղջիկների հորեղբայրը քննչական բաժնում է:
Այսպիսով՝ տեղի ունեցած հարցաքննությունների վերաբերյալ փաստաբանները տեղեկություն չունեն: Ըստ հարազատների՝ այն տեղի է ունեցել միայն հոգեբանի և քննիչի մասնակցությամբ, առերեսումը տեղի է ունեցել հոգեբանի, քննիչի և երրորդ անձի՝ բարերարի մասնակցությամբ, առանց օրինական ներկայացուցչի: Երեխայի հորը թույլ չեն տվել մասնակցել:
«Քննիչները տղամարդ են, դատական բժիշկը տղամարդ է: Երեխաները վախ են զգում տղամարդկանցից»,- ընգծեց Էլբակյանը:
Ըստ պաշտպանի՝ ընտանիքը պետության հոգածության ներքո չի եղել
Պաշտպանը նշում է, որ այս ընտանիքը պետության ուշադրության կենտրոնում չի եղել, մինչդեռ Վեդու համայնքապետարանը պետք է հաշվառումները կատարած լիներ և ունենար համապատասխան տեղեկությունը: Նրա խոսքով՝ բազմանդամ ընտանիք է, որտեղ առողջական խնդիրներ ունեցող 5 երեխա կա, ծնողները ևս ունեն առողջական խնդիրներ:
Չնայած դեպքի մասին բոլորը ավելի շուտ են տեղեկացել, սակայն փետրվարից ապրիլ և ապրիլից մինչև այսօր, ըստ պաշտպանի, որևէ սոցիալական աշխատող ընտանիքին չի այցելել, և միայն երեկ քաղաքապետարանի աշխատակից է կապ հաստատել ընտանիքի հետ:
Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ վարույթը գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո է։