azatutyun.am Մայիսի 9-ին նացիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ հաղթանակի օրը տոնելու համար Մոսկվայում կայանալիք շքերթին ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ուժեղացված անվտանգության ռեժիմին։
«Դուք գիտեք, որ կարևորագույն տոների նախօրեին, և, իհարկե, Հաղթանակի օրը, համապատասխան ծառայությունները միշտ էլ ձեռնարկում են անվտանգային լրացուցիչ միջոցառումներ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս տարի հավելյալ քայլեր են իրականացվում՝ հաշվի առնելով «բավականին բարդ օպերատիվ իրավիճակը և Ուկրաինայից ահաբեկչական սպառնալիքը»։
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ռուսաստանում «վախենում են», որ Մայիսի 9-ի «շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից, սպառնալով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի։