photo_2026-05-08_19-25-57

Այս ընտրությունները պայքար են ինքնության, եկեղեցու եւ ազգային արժեքների համար․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքն իր քարոզարշավն այսօր սկսել է Էջմիածին քաղաքից։

Հանրահավաքի ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք պայքար են ինքնության, եկեղեցու եւ ազգային արժեքների համար․

«Չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ։ Նաեւ չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն։ Այս խոսույթը, այս երեւույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները, եւ սա չի կարող ուղղակի անհետանալ։ Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լարելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան»,- ասաց Քոչարյանը։

Հիշատակելով եվրոպական համայնքի այցը Հայաստան, Զելենսկուն հրավիրելը գագաթնաժողովին՝ Քոչարյանն ասաց, որ իշխանությունները փորձում են երկիրը ներքաշել մի նոր արկածախնդրության մեջ․ «Ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մեկ պատճառով, որ եվրոպացիները աչք փակեն այն ամենի վրա, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Կարող ենք եզրակացության գալ, որ Նիկոլ Փաշինյանի անձնական շահերն աղերս չունեն Հայաստանի շահերի հետ։ Մենք այս ամենին ասում ենք ոչ, եւ մենք առաջարկում ենք մեր անվտանգության մոդելը՝ ժամանակակից եւ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանը հայտարարեց, որ իրենք էլ ձգտում են խաղաղության, բայց, ըստ նրա, խաղաղությունը պետք է լինի հարատեւելի եւ երաշխավորված․ «Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդու քմահաճույքի հետ, սա խաղաղություն չէ, սա ստորացում է, եւ մենք թույլ չենք տալու դա»։

Այնուհետեւ Քոչարյանը խոսել է նաեւ իրենց տնտեսական ծրագրերի մասին եւ քաղաքացիներին կոչ արել հանուն Հայաստանի քվեարկել իրենց դաշինքի օգտին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն