«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 10-ին նախընտրական քարոզարշավն անց է կացրել Վանաձորում։
Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտնել է, որ իրենց գլխավոր հանձնառությունը ընտրություններից հետո լինելու են երկրի անվտանգությունը և բանակի բարեփոխումները։
Նա նաև նշել է, որ Հայաստանում կարևոր խնդիր է երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանվածության և բազմազավակության խթանումը։ «Օրինակ, մեր խրագրերից մեկով՝ չորրորդ երեխայից սկսած ամեն երեխայի համար պետությունը պետք է տա անվճար բնակարան մարզում։ Սա ամբողջությամբ իրականանալի է»,- նշել է նա։
Թաթոյանն ընդգծել է, որ այդ ծրագիրը կարևոր է, քանի որ մարզերի երիտասարդությունը ձգտում է լքել Հայաստանը։ «Ժողովրդագրությանը վերաբերող վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 2050 թվականը Հայաստանում ավագ սերնդի մասնաբաժինը կկազմի 24,4%»,- նշել է նա։