Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երրորդ օրը կուսակցություններն անցկացրին Երևանում և մարզերում։ Քաղաքական ուժերը քաղաքացիների հետ շփումների ընթացքում խոսեցին Հայաստանում առկա խնդիրներից և դրանց լուծումների իրենց տարբերակներից։
«Ռեֆորմիստներ» կուսակցության անդամները մայիսի 10-ն անցկացրել են Երևանում՝ զրուցելով քաղաքացիների հետ և թռուցիկներ բաժանելով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը անցկացրել է Գորիսում։ Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է փոխել քաղաքական իրավիճակը։
«Նոր ուժ» կուսակցությունն իր նախընտրական արշավը սկսել է մայիսի 10-ին Երևանում։ Վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ՝ կուսակցության անդամները շրջել են մայրաքաղաքի փողոցներում, թռուցիկներ բաժանել և քաղաքացիներին պատմել կուսակցության նախընտրական հիմնադրույթների մասին։
«Միասնության թևեր» կուսակցության անդամներն օրն անցկացրել են Լոռու մարզում։ Վանաձորում կուսակցության անդամները շրջել են քաղաքի փողոցներում, զրուցել բնակիչների հետ և ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 10-ին երթ են անցկացրել Աբովյանում։ Երթը գլխավորել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նույն օրը քաղաքում տեղի է ունեցել հանրահավաք, որի ընթացքում կուսակցության անդամները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը և սկզբունքները։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամները շրջել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ հանդիպելով քաղաքացիների հետ։
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը Ֆեյսբուքում տարածված տեսանյութում հայտարարել է, որ իրենք գալիս են պայքարելու քրիստոնեական արժեհամակարգի համար։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ երկուշաբթի օրվանից փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամները իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրել են Գյումրիում՝ շրջելով քաղաքում և զրուցելով քաղաքացիների հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 10-ն անցկացրել է Վայոց ձորում։ Կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթներ է ունեցել մարզի տարբեր բնակավայրերում։ Կուսակցության անդամները հանդիպել և շփվել են քաղաքացիների հետ, թռուցիկներ բաժանել։ Օրն ավարտվել է Եղեգնաձորում հանրահավաքով։
«Հայաստան» դաշինքի անդամներն օրն անցկացրել են Գեղարքունիքի մարզում՝ երկրորդ նախագահ, կուսակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները Գեղամասարում, Մարտունիում, Վարդենիսում և Գավառում բնակիչների հետ զրուցել են տարբեր խնդիրների շուրջ և ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրին։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում, որում հայտարարել է, որ ընտրությունների գլխավոր հարցը Հայաստանի ինքնիշխանության և երեխաների ապագայի ապահովումն է։ Նրա խոսքով՝ քաղաքացիները ցանկանում են անվտանգ և կայուն ապագա իրենց երեխաների համար։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդմաները նախընտրական քարոզարշավի 3-րդ օրը սկսել են Մեծամորի ատոմակայանից։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ատոմակայանի նոր էներգաբլոկը կառուցվի»,- հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։