ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կուսակցության հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը և այդ ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թաքցրել են հանրությունից 2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած պլանը։
«2019 թ․ ապրիլին և հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ամերիկան, Ֆրանսիան և Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեցին մի պլան։ Այդ պլանը երանելի մի փաստաթուղթ էր հայկական կողմի համար, քանի որ այն երաշխավորված խաղաղություն էր հաստատում, և հայկական կողմը պահպանում էր իր վերահսկողությունը ամբող ԼՂ ինքնավար տարածքի, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջանների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը թաքցրին այդ փաստաթուղթը հանրությունից, իսկ առաջարկը հանձնելուց 2 ամիս հետո մեկնեց Ստեփանակերտ և ամբողջ աշխարհին հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ։
Մինսկի խումբը մի մեխանիզմ էր, որը ստեղծվել էր, որ բանակցությունների միջոցով զսպեր Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ։ Ոչնչացնելով բանակցությունները՝ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց առաջին հերթին հենց այդ մեխանիզմը, Ադրբեջանը սկսեց իր աղետալի հարձակումը։
Քանի դեռ այս փաստաթուղթը գաղտնի էր պահվում, Նիկոլ Փաշինյանը պահանջում էր բանավեճ նախկին նախագահների հետ, բայց երբ հրապարակվեց, նա այլևս բանավեճ չի պահանջում։ Բայց ինքը պետք է պատասխանի հայ ժողովրդի առաջ և պատմության առաջ։
Այս ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի գործ ունենք մի այնպիսի հրեշավոր խաբեբայի հետ, որը հանուն միայն իրեն հայտնի նպատակների, պատրաստ է մի ամբողջ ազգ ներքաշել կործանարար պատերազմի մեջ։ Մենք իրեն թույլ չեն տա նույն բանն անել Սյունիքի հետ»,- նշել է Լևոն Զուրաբյանը։