armenpress.am «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում են՝ կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ։
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է, որ իրենց համար միշտ կարևոր է եղել մարդկանց հետ շփվելը, նրանց խնդիրները հասկանալը։
Թաթոյանն ընդգծել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար։ «Իսկապես սրանք շատ կարևոր ընտրություններ են, մենք ճակատագրական որոշում պետք է կայացնենք։ Եվ մենք չպետք է թողնենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշում կայացնեն, մենք պետք է որոշումը կայացնենք՝ յուրաքանչյուր մարդ», – նշել է Թաթոյանը։
Խոսելով գյուղատնտեսության ոլորտում իրենց առաջարկած ծրագրից՝ Թաթոյանն ընդգծել է, որ ունեն գյուղատնտեսությունը զարգացնելու կոնկրետ, մասնագիտական ծրագիր, ոչ թե պարզապես օդից վերցրած խոսքեր։ «Խոսքը ոռոգման համակարգերի բարելավումից, ոռոգման համար վճարներից մինչև գյուղմթերքի արտադրության մասին է։ Մենք նախատեսում ենք նաև հատուկ կայաններ, որոնք պետք է մարդկանց ուղեկցեն բերքի համար շուկաներ որոնելու ճանապարհին, նաև պետք է լինեն մթերման կայաններ, ապահովագրություն։ Սրանք հենց այնպես ծրագրեր չեն, վերցված են միջազգային փորձից»,- մանրամասնել է Արման Թաթոյանը։
Նա խոսել է նաև կրթության ոլորտում իրենց ուժի ներկայացրած ծրագրերից՝ շեշտելով, որ շատ կարևոր է, որ մարզաբնակ երիտասարդները մնան իրենց բնակավայրերում, ոչ թե դպրոցն ավարտելուց հետո հեռանան իրենց բնակավայրերից։ Թաթոյանի խոսքով՝ դրա համար երիտասարդները պետք է ստանան որակյալ կրթություն, ապահով կյանքի երաշխիք ու աշխատանք։ «Կրթությունը պետք է ծնողի վրա բեռ չլինի, և մենք դա կանենք»,- նշել է Թաթոյանը։
Արման Թաթոյանն ու կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նաև լսել են բնակիչների խնդիրները, պատասխանել նրանց հարցերին։
Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։