8f6s0p7fydoil2gpvv4dv1ytgbxkaygczrytpm4z

ՀՀ ԱԳՆ-ն կարևոր քայլ է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանն՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Խոսնակն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,– գրել է խոսնակը՝ շեշտելով, որ դա կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն