civilnet.am Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ կալանավորվածներին՝ չնայած անցյալ տարի Բաքվում իր գրասենյակի փակմանը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։
Կազմակերպությունը 2025-ի սեպտեմբերին ավարտեց իր ֆիզիկական ներկայությունն Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների որոշման հետևանքով, սակայն շարունակում է աշխատել կալանավորվածների, անհայտ կորածների և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած քաղաքացիական անձանց համար։
«Կարևոր է ընդգծել, որ սա որևէ կերպ չի նվազեցնում մեր հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող մարդկանց համար»,- ասել է Մարեն։
ԿԽՄԿ-ն երկար ժամանակ առանցքային դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հարցերում, այդ թվում՝ կալանավորված անձանց այցերի, ընտանիքների միջև հաղորդակցության ապահովման, անհայտ կորածների գործերում և ռազմական սրացումների դեպքում աճյունների վերադարձի գործընթացում։
ԿԽՄԿ-ն երկու կողմերի միջև գործող սակավաթիվ չեզոք միջնորդներից մեկն էր՝ 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման և երկրամասի ավելի քան 100,000 հայ բնակչության տեղահանությունից հետո, որի ընթացքում Ադրբեջանը կալանավորեց ԼՂ մի շարք նախկին ղեկավարների ու քաղաքացիական անձանց։
Ներկայում Ադրբեջանում կա առնվազն 19 հայ կալանավորված։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ութ ռազմա-քաղաքական ղեկավարներ, որոնք գերեվարվել են Ադրբեջանի 2023-ի սեպտեմբերյան հարձակումից հետո։
Բաքվում հայ կալանավորվածների դատավարությունները կոշտ քննադատության են արժանացել միջազգային իրավաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք գործընթացը բնութագրում են որպես «կեղծ դատավարություն»։
Փետրվարին Բաքվի ռազմական դատարանը ԼՂ նախկին յոթ պաշտոնյաների դատապարտեց․ հինգը դատապարտվեցին ցմահ, երկուսը՝ 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, պատերազմական հանցագործությունների և անջատողականության մեղադրանքներով։ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ստացան ցմահ պատիժներ։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, քանի որ ադրբեջանական օրենքը արգելում է ցմահ պատիժ նշանակել 65 տարեկանից բարձր ամբաստանյալների նկատմամբ։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի դատավարությունն ընթանում էր առանձին։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Նույն գործողության ընթացքում գերեվարված ղարաբաղցի մի քանի հայ քաղաքացիական անձինք նույնպես ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկման պատիժներ։
Իրավապաշտպան խմբերը և միջազգային կազմակերպությունները բազմիցս մտահոգություն են հայտնել Ադրբեջանի դատական համակարգի և կալանավորվածների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ։ Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ կոչ անելով բանտարկյալների «անվերապահ և անհապաղ ազատ արձակումը», իսկ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Freedom House-ը քննադատել են այն, ինչ նրանք բնութագրում են որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ Ադրբեջանում։
Մարեի խոսքով՝ մինչ Բաքվի գրասենյակի փակումը ԿԽՄԿ աշխատակիցները հակամարտության հետ կապված կալանավորվածներին այցելում էին մոտավորապես երկու ամիսը մեկ, երբեմն նաև ավելի հաճախ։
2025-ի սեպտեմբերից այդ այցելությունները շարունակվում են՝ կազմակերպության Ժնևի գլխավոր գրասենյակից գործուղված խմբերի միջոցով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում