arm.sputniknews.ru «Նոր ուժ» կուսակցությունը ցանկանում է քաղաքականություն մուտք գործել և հայտնվել խորհրդարանում, որպեսզի քաղաքական խոսքը փոխվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը քարոզարշավն այսօր իրականացնում է Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։
Նա ընդգծեց, որ այսօր քաղաքական խոսքի մակարդակը ցածր է։
«Այն, ինչ այս 5 տարում կատարվում է մեր Ազգային ժողովում, կարծում եմ հարիր չէ հայ ժողովրդին և պետությանը։ Պետք է մակարդակը բարձրացնել»,– ասաց Մարությանը։
Խոսելով խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունից` քաղաքական գործիչը նշեց` տոկոսներ չի ասի, բայց վստահեցրեց` անցողիկ շեմը կհաղթահարեն։ Նա նշեց, որ իրենք 2 ծրագիր ունեն` մինիմում և մաքսիմում։ Մինիմում ծրագիրը` խորհրդարանում հայտնվելն է` ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու համար, իսկ մաքսիմումը իշխանափոխությունն է։
Մարությանը խնդրեց և կոչ արեց ժողովրդին` հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության։
Լրագրողի հարցին` արդյոք իշխանության կողմից կալանավորվելու վախեր չունի, Մարությանը շեշտեց` ամեն ինչ էլ կարող է լինել, բայց իրենք բոլոր քայլերն անում են օրենքի սահմաններում, հետևում են ԿԸՀ ցուցումներին։
«Իշխանությունը չի կարող մեզ կալանավորել, եթե «բեսպրիդել» չլինի։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք մոտենալ այդ շեմին։ Հուսամ, որ ամբողջ ընտրական պրոցեսն օրենքի սահմաններում կանցնի, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում»,– ասաց Մարությանը։