Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակել են շփումները քաղաքացիների հետ։
«Հայաստան» դաշինքն առավոտյան հայտարարեց՝ Թալինի համայնքապետարանից իրենց տեղեկացրել են, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել իրենց հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:
«Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։ Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին», – հայտնեցին դաշինքից։
Փոխարենը «Հայաստան» դաշինքը քարոզարշավ արեց Արթիկում, որտեղ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե «եթե 2026 թվականին Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է»:
«Սյունիքը, մեծ հարցական է` կմնա, թե ոչ։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չէ: Սա խաղաղություն է այնքան ժամանակ, քանի դեռ երաշխիքներ չկան, որքան Ալիևը համարի, որ իրեն ձեռք է տալիս այս խաղաղությունը»,- նշեց Քոչարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր քարոզարշավ իրականացրեց Արագածոտնի մարզում։
Կուսակցության ներկայացուցիչները եղել են Արագած, Քուչակ, Շենավան, Ապարան համայնքներում, թռուցիկներ բաժանել։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին բաժանում էր նաև Հայաստանի փոքրիկ քարտեզներ, երեխաներին՝ քաղցրավենիք։
Փաշինյանը խոսեց խաղաղության հաստատման մասին, նա նշեց․ «Ժողովուրդ, ձեր աչքի առաջ ա եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, մեղադրանք, էդ ամեն ինչի միջով անցնելով, մենք կայացրել ենք որոշումներ։ Ես կայացրել եմ ամենաբարդ, ամենադժվար որոշումները, և այդ ամեն ինչի արդյունքում ՀՀ-ում հաստատված է խաղաղություն»։
Փաշինյանը Աշտարակ քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսեց նաև ՀԷՑ-ի մասին՝ ասելով, որ այն շատ շուտով կպետականացվի.
«Այսօր, ըստ Էության, դե-ֆակտո, շուտով նաև՝ դե-յուրե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական սեփականություն կդառնա»,- նշեց նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Գեղարքունիքի մարզում էր։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Գավառում ժողովրդին կոչ արեց աջակցել իրենց, և քվեարկությամբ ԱԺ-ում ունենալ «ժողովրդական խմբակցություն»։
«Իշխանությունը թիրախավորում է այս ուժերին, քանի որ լավ հասկանում է, որ միայն այդ 3 ուժերի անցնելով իշխանությունը չի փոխվի, հետևաբար թիրախավորում է իրենց, որ իբր կռիվը գնում է միայն իր ու նրանց միջև։ Մեր ուսումնասիրություններով շուրջ 200 հազար մարդ չի ուզում իր ձայնը տալ իշխանությանն ու իմ նշած ընդդիմադիր ուժերին, այդ մարդկանց համար մենք ունենք պրոդուկտ։ Դուք մեր միջոցով լինում եք Խորհրդարանում, ԱԺ-ի այդ մասին բաժնետերը։ Դա նշանակում է թույլ չտալ, որ Հայաստանը գնա հին բարքերին», – նշեց Մարուքյանը։
Հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պնդելով, որ Վարդան Ղուկասյանի առաջնորդած ԴՕԿ կուսակցությունը պետական գրանցում է ստացել «ակնհայտ կեղծիքներով», հետևաբար` նման կուսակցությունն ընտրությունների մասնակցել չի կարող և նրա գրանցումը, որպես ընտրությունների մասնակից, պետք է չեղարկվի։
Վահան Ավագյանի դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց, սակայն ոչ թե անհիմն լինելու հիմքով, այլ դիմումը ներկայացնելու իրավասու անձ չհանդիսանալու հիմքով։
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն էլ այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Փաշինյանը երեկ բացահայտ սպառնալիք է հնչեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ նկատի ունենալով Ծառուկյանի որդուն «Բելառուսից վզից բռնած բերելու» հայտարարությունը։
Սուրենյանցի խոսքով, երբ պետության ղեկավարը հնչեցնում է սպառնալիք, և այդ սպառնալիքը անմիջապես դառնում է իրավապահ մարմինների պատժիչ գործիքակազմ, դա քաղաքական պատվերի դրսևորում է․ «Այսինքն` պետական ինստիտուտները այնպես են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարդարի գործիքը»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղում պնդեց՝ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
ՆԳՆ խոսնակն ավելի ուշ հերքեց տեղեկությունը։
Ծառուկյանը Աչաջուրի բնակիչների հետ հանդիպմանը քննադատեց իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկերի աճն ու կյանքի պայմանների վատթարացումը, մասնավորապես՝ անշարժ գույքի հարկի բարձրացումն ու Երևանում բնակարանների գների աճը պայմաններ են ստեղծում, որ բնակիչները ստիպված լքեն իրենց տները։
«Որպեսզի 300 հազար ադրբեջանցի բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները տեղ չունեն մնալու, նրանց տները փակ են, նրանք պետք է հեռանան, որպեսզի այնտեղ ուրիշները գան ու բնակվեն»,- հայտարարեց նա։
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը ներկայացրեց իր տեսլականը կրթության ոլորտի, Հայաստանին անհրաժեշտ մասնագետների պատրաստման վերաբերյալ։ Ըստ այդմ՝
«Կրթությունը պետական պատվերով անվճար կլինի և երաշխավորված պետության կողմից՝ բոլոր հավատարմագրված ծրագրերում, պայմանով, որ ավարտելուց հետո այդ մասնագետները մի քանի տարի պետք է աշխատեն Հայաստանում, հիմնականում՝ Երևանից դուրս։ Պետք է ստեղծվի մասնագիտական վերապատրաստման ուսումնական կենտրոնների ցանց՝ եվրոպական և ասիական համալսարանների հետ համագործակցությամբ։ Ուսուցիչը 3 տարին մեկ պետք է անցնի վերապատրաստում, բժիշկը՝ երկու տարին մեկ անգամ, իսկ պետական ծառայողը՝ մշտապես, ու այս ամենը պետք է լինի անվճար»։
ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն տարածեց՝ նշելով․
«Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում ներառել «արցախցին ապրելու է Արցախում» դրույթը»։
ԴՕԿ նախընտրական ծրագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան, սակայն Ղուկասյանի ծրագրով սկզբունքային և պարտադիր քաղաքական նպատակ է համարվում այն, որ արցախցին վերջնականապես պետք է ապրի Արցախում։
Նշվում է, որ ԴՕԿ-ը երբեք չի ընդունելու այն քաղաքականությունը, «որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը», և Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանը անդրադարձավ ընտրակաշառքի գործերով հերթական ձայնագրությանը, որ հրապարակել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կարապետյանը պնդեց, որ դրանց գրեթե մեծ մասը չի վերաբերում իրենց մոտ գրանցված աշխատակիցներին․
«Բայց, եթե դուք ուշադիր լինեք, խոսակցության մեջ մարդիկ ասում են «գրանցվել»։ Օրենքով թույլ է տրվում գրանցված աշխատակից ունենալ։ Թե ինչ խոսույթ ունեն մարդիկ, դա ուրիշ բան է, բայց խոսքը գրանցված, հարկերը վճարվող աշխատանքի մասին, ոչ թե կաշառքի մասին»։
Բագրատաշենում քննարկվեցին տարածաշրջանի զարգացման և ջերմոցային տնտեսությունների համար էժան գազի մատակարարման հնարավորությունները։ Կարապետյանը անդրադարձավ Նոյեմբերյանի և Բերդի գյուղատնտեսական խնդիրներին․ «Գյուղացիները մթերման տեղ չունեն։ Հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը»։
Կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթերման կայանների ցանց, որը հնարավորություն կտա գյուղացիների արտադրանքը հավաքել և արտահանել։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահեցրեց՝՝ անցողիկ շեմը կհաղթահարեն։ Մալաթիա–Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ նա ասաց.
«2 ծրագիր ունենք․ մինիմում՝ խորհրդարանում հայտնվել՝ ընդդիմափոխություն անելու, քաղաքական խոսքի մակարդակը բարձրացնելու, մաքսիմում՝ իշխանափոխություն»,- նշեց նա։
Հայ Ազգային Կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ տարածեց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման՝ իրենց ծրագրի մասին։
«Հայաստանի հարավը կկապվի հյուսիսի հետ, կհաղթահարվի մեր ռազմավարական հաղորդակցության ուղիների միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից՝ ավելի արդյունավետ դարձնելով նրանց հետ խաղաղության գործընթացը։ Դառնալով տրանզիտային երկիր՝ Պարսից Ծոցի և Սև ծովի միջև, Հայաստանը կզարգացնի տնտեսությունն ու անվտանգությունը և բարեկեցություն կբերի մեր ժողովրդին»,- ասվում է տեսանյութում։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում նշեց, որ իր մոտեցումն արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են քաղաքական իրադարձությունները ներկայացվում պաշտոնական հաշվետվություններում կամ ԶԼՄ-ներում։
«Վերածնունդը կսկսվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները դադարեն մանիպուլյացիաներ կիրառել և անցնեն ուղիղ ու ազնիվ հաղորդակցության գյուղերի և քաղաքների յուրաքանչյուր բնակչի հետ: Եկեք միասին կառուցենք հայկական պետությունը»,- կոչ արեց Սուրենյանը իր կողմնակիցներին։
Ազգային-Ժողովրդական բևեռը նախընտրական քարոզարշավն անցկացրեց Տավուշի մարզում, կուսակցության անդամները շրջեցին Բերդի, Իջևանի, Դիլիջանի փողոցներով։
«Մենք վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգային դատարանում լուծելու ենք Արցախի միացման հարցը, սահմանադրական բարեփոխումներ ենք իրականացնելու։ Մենք հրաժարվում ենք Սովետական Հայաստանի իրավահաջորդությունից»,- հնչեցրին ԱԺԲ-ի անդամները քարոզարշավի ժամանակ։
Քարոզարշավին զուգահեռ
Ինչպես նշեցինք, Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն հրապարակեց ընտրակաշառքի վերաբերյալ։
«Տվյալներ են ստացվել, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ գրասենյակի ղեկավարը ԱԺ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ Նույն անձը նաև բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևանի բնակչին վիրահատության համար անհատույց գումար է տվել։
Քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ այսօր ՔՊ-ի քարոզարշավին ներկա են եղել նաև Արագածի և Քուչակի դպրոցների ուսուցիչներ։ «Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարեցրել ենք մեր ժամերը, եկել ենք»,- ասել էր ուսուցիչներից մեկը։
ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն։
«[Ահազանգ] է ստացվել այսօր, որ Արագած և Քուչակ գյուղերի ուսհաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ»,- հայտնեցին ԿԳՄՍՆ-ից։
«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրեց, որ հանրակրթական ուսհաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսհաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի»,- ասվում է հսյտարարությունում։
Իսկ Արագածոտնի Ծաղկահովիտ գյուղի սուպերմարկետի մուտքի դռան վրա օրենքի խախտմամբ փակցված են եղել ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառները։
News.am-ի ահազանգից հետո ԿԸՀ–ից հայտնել են, որ խանութի սեփանակատերը զգուշացվել է խախտման մասին, և պաստառները արդեն հեռացվում են։
Տարածքի սեփականատերը նշել է, որ տեղյակ չի եղել, որ դա խախտում է։
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը, որը երկօրյա այցով Երևանում էր, հայտարարեց՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն վախից, անհարկի արտաքին ազդեցությունից և վարչական ռեսուրսների չարաշահումից զերծ միջավայրում։
«Պատվիրակությանը տեղեկացվել է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին ուղղված ուղղակի և բացահայտ խնդրանքների մասին՝ ՌԴ-ից եկած հայկական սփյուռքի ներկայացուցիչների քվեարկությունը հեշտացնելու և հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից սփյուռքի այս հատվածին Հայաստան այցելելու և ընտրությունների օրը քվեարկելու համար ֆինանսական բնույթի խրախուսանքների մասին։
Նման միջամտությունը շարունակական և հարմարվողական սպառնալիք է, որը տարածվում է ընտրությունների ժամանակահատվածից շատ ավելի հեռու»,- ասված է հայտարարությունում։