Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները երեկ կրկին գործադուլ են արել։
Epress.am-ի հաղորդմամբ՝ 18-19 դերձակներից բաղկացած խմբերին ստիպում են աշխատել օրական 11 ժամ, մեկ հերթափոխի ընթացքում նրանք պիտի մոտ 120 կոմպլեկտ համազգեստ կարեն։ Նոր շեֆը հիմա 200 կոմպլեկտ է պահանջում։
Աշխատողները պնդում են, որ դա անհնարին է․ «Մարդ ենք, ռոբոտ չենք»։
Ռուս տնօրենը Epress.am-ի հետ զրույցում փորձել է հերքել՝ ոչ մեկ ոչ մի անհնարին բան իրենցից չի պահանջում, ոչինչ չի ստիպում և այլն։ Աշխատանքային վեճը, ըստ նրա, ծագել է ոչ թե գերշահագործման, այլ աշխատողների խուլիգանության պատճառով։ Նրանք իբրև թե խախտում են պայմանագրային դրույթները՝ հաճախակի զուգարան գնալով և բլյութուզով երաժշտություն լսելով։
Կարի ֆաբրիկայի պատերին եռալեզու հուշաթերթիկներ են կպցրած։ Դրանցից մեկում նշված է, որ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8։00-ին և ավարտվում 19։00-ին։ 11 ժամից՝ 39 600 վայրկյանից, 3 600 վայրկյանը կարելի է ծախսել ճաշի ընդմիջման վրա, «խմելու/քաքելու/թելերի» համար հատկացված է առավելագույնը 1 800 վայրկյան։ Մնացած 34 200 վայրկյանի ընթացքում դերձակները պիտի անընդմեջ կարեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջիններս կրկին գործադուլ էին արել։ Դեսպանատնից աշխատողներին համոզել էին կասեցնել բողոքը՝ խոստանալով բանակցություններ սկսել, բայց ոչինչ չէին ձեռնարկել: