3yy8d2wd7pirmkkr0zaho11sm765pesw5fntpq1i

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը | armenpress.am

armenpress.am Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։

«Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին։ Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։

Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։

Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մեկնարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այդ հայտարարությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն