azatutyun.am Հայ-թուրքական երկխոսությունը այնքան հասունացած է, որ ցանկացած պահ արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նշելով, որ հայ-թուրքական սահմանը դեռ շարունակում է փակ մնալ, Միրզոյանը վստահություն հայտնեց, որ «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի»: «Արդեն ուղիղ կներմուծվի ապրանքը, այժմ մաքսային իմաստով ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա Վրաստանով տարանցում կարվի ու կմտնի Հայաստան», – ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ «Ազատության» հարցին Միրզոյանն ասաց. «Մենք ունենք Ադրբեջանի հայտարարություն այն մասին, որ նախ խաղաղությունը հաստատված է, սա և՛ օգոստոսի 8-ի հռչակագրով վարչապետ Փաշինյանը ,և՛ նախագահ Ալիևը, և՛ նաև վկայությամբ նախագահ Թրամփի ստորագրել են»:
«Ազատության» հարցին Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հեռացումից հետո կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այդ պայմանագիրը ստորագրվելու է, իսկ ե՞րբ և որտեղ, ինչպես և նախկինում, այսօր ևս ես կարող եմ վերահաստատել, մենք հենց հիմա կարող ենք խոսել այդ մասին»:
Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մեկնարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այդ հայտարարությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։