azatutyun.am Իջևանի կենտրոնում՝ խորհրդային երբեմնի Ունիվերմագի տանիքի տակ, երեք մետրանոց թիթեղյա պատերով մեկուսացված տարածքը 170 հնդկաստանցի կարող բանվորների թե՛ աշխատավայրն է, ու թե՛ կացարանը միաժամանակ:
Վաղն արդեն նրանք հեռանում են Հայաստանից՝ իրենց հետ տանելով կցկտուր հայերենն ու դառնությունը. տնօրենն իրենց գործադուլից հետո ինքնաթիռի տոմս է առել՝ դեպի հայրենիք՝ դրա դիմաց վերցնելով վերջին մեկ ամսվա աշխատավարձը։
Ֆաբրիկայի առաջին հարկում, տասնյակներով ապրում էին նեղլիկ սենյակներում, ուր ոտք դնելու տեղ չկա։ Աջուձախ միայն երկհարկանի մահճակալներ են՝ առանց պահարանների, առանց անձնական տարածքի։ Միայն կոշիկներն են միջանցքում կարգուկանոնով՝ կողք-կողքի շարված։ Լվացարանը ժանգոտած երկաթյա մի կիսալուսին է, իսկ ցնցուղ չեղած լոգախցիկներում բանվորներն այսօր կոշիկներն էին լվանում։ Տեսախցիկը տեսնելիս կաշկանդվում են, բայց մատնացույց անում ժանգոտած խողովակներն ու խցանված կոյուղին: Ապրելու տարրական պայմաններ չկան: Խոհանոցում ամենուր միջատներ են:
Բայց 170-ից մեկն այսօր նրանց հետ չէ։ փակի տակ է՝ ոստիկանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Նրան նախօրեին են ձերբակալել, երբ բողոքող բանվորներին լսելու փոխարեն տնօրինությունը ոստիկանություն էր կանչել։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ համազգեստավորներ քաշքշում ու գետնին տապալում բողոքողներին։ Ոստիկանությունն ասում է՝ հասարակական կարգ էին պաշտպանում։ Բանվորները, մինչդեռ, պնդում են՝ իրենց ոչ թե պաշտպանել, այլ՝ ծեծել են, ու մինչ օրս չգիտեն՝ ինչի համար իրենց ընկերոջը ոստիկանություն տարան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում