Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
«Ինֆոքոմը» մշտադիտարկել և հայտնաբերել է ավելի քան 30 էջեր, որոնք գովազդի կիրառմամբ տարածում են քաղաքական բովանդակություն, իրականացնում նախընտրական քարոզչություն և հակաքարոզչություն։
Նախորդ հոդվածում անդրադարձել էինք ֆեյսբուքյան այն էջերին, որոնք ակտիվորեն գովազդում են Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրին» աջակցող և ընդդիմությանը թիրախավորող բովանդակություն։
Ընդդիմադիր դերակատերները ևս անմասն չեն այս գործելաոճից։ Ֆեյսբուքյան 20 նորահայտ էջեր տարածում են ընդդիմադիր ուժերի նախընտրական թեզերը և իրականացնում հակաիշխանական քարոզչություն։ Դրանք ևս գովազդները տարածում են առանց պատշաճ նշման, ինչը պահանջում է «Մետա» հարթակը` թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար։
Այս էջերից բոլորն էլ, բացառությամբ մեկի, ակտիվացել են այս տարվա հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում։ Դրանցից 4-ի գործունեությունը «Մետան» վերջերս կասեցրել է՝ հավանաբար տարօրինակ ակտիվություն նկատելու պատճառով, ուստի կանդրադառնանք մնացած 16-ին։
16 էջերից որոշներն աջակցում են կոնկրետ քաղաքական ուժի, որոշները՝ թիրախավորում են Նիկոլ Փաշինյանին՝ առանց որևէ հստակ ուժի պաշտպանության։ Ֆեյսբուքյան այս էջերը տարածում են նաև բովանդակություն ընդդեմ եվրոպական ինտեգրացիայի։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի բոլոր պաշտոնական էջերը միասին վերջին 90 օրերի ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրականացրել են մոտ 293 000 դոլարի գովազդ։ Ամենաշատ գումարը ծախսել է Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ մոտ 234 000 դոլար։ Այս թիվը ներառում է դաշինքի հետ կապ ունեցող բոլոր պաշտոնական էջերի գովազդների արժեքը։ Երկրորդ ամենաշատ գումար ծախսած ուժը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է՝ մոտ 35 000 դոլար։ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը վերջին 90 օրերի ընթացքում ծախսել է մոտ 16 000 դոլար։ Ընդդիմադիր մյուս ուժերը համեմատաբար քիչ են ծախսել։
Վիճակագրությունը, սակայն, միայն պաշտոնապես հայտարարված թվերով չի սահմանափակվում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ էջեր շրջանառում են ընդդիմությանն աջակցող գովազդներ, որոնց վրա ծախսված գումարների մասին տեղեկություն հասանելի չէ։
Օրինակ՝ «Խաղաղության հակառակ կողմը» էջը ստեղծվել է բոլորովին վերջերս՝ այս տարվա ապրիլի 19-ին։ Էջի հիմնական բովանդակությունը արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր են, որոնք ուղղված են ընդդեմ Փաշինյանի և տարբեր սցենարների ներկայացմամբ ցույց են տալիս, թե, ըստ իրենց, ինչ կլինի Հայաստանի հետ, եթե շարունակի կառավարել «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս էջի բովանդակությունը ևս տարածվում է գովազդների միջոցով։ Դրանցից մի քանիսն անգամ «Մետան» նկատել և հեռացրել է, սակայն նորերն արդեն շրջանառվում են։
«ST:AM» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2025-ի ապրիլին և նախապես ունեցել է Crazy Bossy անունը։ Սակայն այս տարվա ապրիլի 27-ից այն անվանափոխվել է և սկսել գովազդել ՔՊ-ին քննադատող բովանդակություն։ Մայիսի 11-ի դրությամբ այս էջում դիտարկել ենք 19 ակտիվ գովազդ և 5 գովազդ, որոնք նկատել ու հեռացրել է «Մետան»։ Այս գովազդների մեծ մասը՝ 12-ը, շրջանառվում է ապրիլի 27-30-ից սկսած, այսինքն՝ առնվազն 12-15 օր դրանք անխոչընդոտ տարածվել են։ Մի քանի գովազդներ հեռացվել են «Մետայի» կողմից։ Դրանք շրջանառության ընթացքում ցուցադրվել են 200-300 հազար օգտատիրոջ։
Ֆեյսբուքյան այս էջը գովազդի միջոցով շրջանառում է հղումներ բացառապես 7or.am կայքից։ 7or.am-ի հիմնադիրը «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանն է։ Գովազդվող հրապարակումներում հաճախ մեջբերվում են հենց Անդրանիկ Թևանյանի և «Մայր Հայաստան» կուսակցության այլ անդամների գրառումները։
7or.am-ի ֆեյսբուքյան էջը նույնպես ակտիվորեն տարածում է քաղաքական գովազդներ, սակայն, ի տարբերություն ST:AM-ի, ունի դրա մասին նշում։
Հրապարակված գովազդներների բովանդակությունը հիմնականում անդրադառնում է կառավարող ուժի իրականացրած, իրենց գնահատմամբ, վատ աշխատանքին կամ անգործությանը։ Օրինակ՝ դրանցից մեկում ասվում է. «Միլիարդները գնացին, բակերը դատարկ են։ ՔՊ-ն հաշվետվություն ներկայացրեց փողերի մասին, բայց փոքրիկ երևանցիները դեռ խաղում են մերկ ասֆալտին»։
Որպես գովազդ տարածվող այս լուսանկարի երեխաները ամենևին էլ փոքրիկ երևանցիներ չեն։ Լուսանկարն արվել է 2020 թվականի հուլիսին Տավուշում և հրապարակվել է «Հետքում»։
Մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում միանգամից 8 էջ է անվանափոխվել և ակտիվացել «Ֆեյսբուքում», որոնք բոլորն էլ ստեղծվել են 2025-ի նոյեմբերին, սակայն սկսել են օգտագործվել այս տարվա մայիսից։ Այդ էջերի ստեղծման ժամանակահատվածը, անվանումների խիստ նմանությունը և գովազդվող նմանատիպ բովանդակությունը թույլ են տալիս եզրահանգել, որ դրանք կազմակերպված են և ստեղծվել են մեկ կենտրոնից։
Այդ էջերն են՝ «Հայաստանի ձայնն այսօր», «Հայաստան և աշխարհ», «Լուրեր Հայաստանից», կրկին՝ «Լուրեր Հայաստանից», «Հայաստանն այսօր», «Բանբեր Հայաստանի», «Առավոտյան Հայաստան», «Լուրեր Հայաստանից այսօր»։
Նշված բոլոր էջերը միասին դիտարկման պահին ունեցել են շրջանառվող 25 գովազդներ, որոնք պարունակել են քաղաքական բովանդակություն, սակայն դրանցից ոչ մեկը չի ունեցել նշում այդ մասին, ինչը պարտադիր պայման է։
Եթե էջը ինքնուրույն չի պիտակում գովազդը որպես քաղաքական, ապա նկատելու դեպքում դա անում է «Մետան»՝ միաժամանակ հեռացնելով գովազդը։ Սա հատկապես կարևոր է թափանցիկության համար, քանի որ առանց նշման հստակ չէ, թե ովքեր են կանգնած այդ գովազդների հետևում, ինչ նպատակ են հետապնդում և ինչպիսի լսարանի են թիրախավորում։
Էջերից հինգը Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ոչ սովորական բովանդակությամբ գովազդներ էր տարածում։ Տարածվող տեքստերում հիմնականում քամահրական արտահայտություններ էին Նիկոլ Փաշինյանի հասցեին, այս գովազդները կոչ էին անում մարդկանց գնալ խանութ, գնել «Կոկա-Կոլա» և հրապարակում անել սոցցանցերում՝ գրելով՝ ««Կոկա-Կոլան» ավելի լավն է, քանի Նիկոլը»։
Ներկա պահին այս էջերից 5-ին «Մետան» բլոկավորել է։
Դիտարկված 16 էջերից 9-ը իրենց գովազդային արշավներում և հրապարակումներում օգտագործել են արհեստական բանականության միջոցով ստեղծված վիզուալ բովանդակություն։ Առհասարակ, այս խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական գրեթե բոլոր ուժերն անխնա օգտագործում են ԱԲ՝ որպես հեշտ միջոց՝ իրականություն դարձնելու իրենց երևակայությունը։
«Աբոն խոսում է» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է այս տարվա ապրիլի 27-ին։ Այն կառավարվում է Նիդերլանդներից։ Այս էջը մայիսի 11-ի դրությամբ ունեցել է 6 ակտիվ գովազդ։ Գովազդվող հրապարակումները հիմնականում տարածել են հակաիշխանական բովանդակություն՝ գրված հոդվածի տեսքով։
Այս էջի հրապարակած գովազդները թեև չեն ունեցել քաղաքական բովանդակության մասին նշում, սակայն, ի տարբերություն նախորդ օրինակների, որոշ գովազդներ պահպանվել են «Մետայի» արխիվում՝ ենթադրաբար պայմանավորված ԵՄ տարածքում գործող այլ կարգավորումներով։
Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն գովազդող էջերից են նաև «Մշեցիներ» և «ԱԱԾ Գևորիկ» էջերը։
Օրինակ՝ իրար նման այս երկու գովազդները տարածվել են այս էջերի կողմից և ցուցադրվել ընդհանուր 75-90 հազար օգտատիրոջ, սակայն երկուսն էլ «Մետան» հայտնաբերել է։
«Մշեցիներ» էջը ստեղծվել է այս տարվա հունվարին և ներկայումս ունի 275 հետևորդ։ Այն ակտիվորեն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այս էջի ավելի վաղ հրապարակած տեսանյութերը հիմնականում մի քանի հազար հավանումներ են ունեցել, ինչը բնորոշ չէ նորաստեղծ և քիչ հետևորդներ ունեցող էջերին, ուստի չի բացառվում, որ դրանք ևս շրջանառվել են գովազդի տեսքով։
Նմանօրինակ մի էջ էլ «Հանուն Ապագայի»-ն է։ Այս էջը ևս ակտիվորեն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին և Սամվել Կարապետյանին։ Էջի բիոյում նշված է, որ այն ստեղծել են Նյու Յորքում բնակվող հայ ծրագրավորողներ, չնայած երևում է, որ էջի կառավարումն իրականացվում է Հայաստանից։ Այս էջում ևս կան ԱԲ-ով գեներացված բազմաթիվ հրապարակումներ, ինչպես նաև պարբերաբար վերահրապարակվում է նույն գովազդը հետևյալ տեքստով՝ «Մի’ մրցեք, սովորեք Կարապետյանից»։
Հակաիշխանական հրապարակումների մի առանձին թեմա էլ եվրոպական արժեքները քննադատող և Եվրոպան որպես վատ բարքերի տարածող ներկայացնել է։ Վերը թվարկված էջերի զգալի մասը ունի գովազդվող հրապարակումներ, որոնցով փորձ է արվում բացասական տրամադրություն ստեղծել դեպի եվրոպական ինտեգրացիան․ այս էջերը քննադատում են Փաշինյանին և նրա վարած քաղաքականությունը եվրաինտեգրման հարցում։
«Arm News» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է այս տարվա մարտի 17-ին և ունի 22 հետևորդ։ Թեև նշված է, որ էջի կառավարումն իրականացվում է Լեհաստանից, սակայն դա չի խանգարում տարածել Եվրոպայի վերաբերյալ մոլորեցնող բովանդակություն։ Oրինակ՝ էջի բազմաթիվ հրապարակումներում ասվում է, որ ԵՄ անդամակցությամբ Հայաստանը կկորցի իր ավանդական արժեքները։ Նմանատիպ հրապարակումներում հիմնականում շահարկվում է ԼԳԲՏ համայնքին վերաբերող թեման։
Հաճախադեպ մոտեցում է նաև հակաեվրոպական բովանդակության այլաբանորեն տարածումը՝ հիմնականում հեքիաթների կամ այլ պատումների միջոցով։ Օրինակ՝ ստորև ներկայացված դեպքում նկարագրվում է, թե ինչպիսի քամահրանքով են եվրոպացիները վերաբերվում իրենց երկրներում ապրող այլազգիներին՝ որպես երկրորդ կարգի մարդկանց։
Ուսումնասիրության ընթացքում դիտարկել ենք նաև նորաստեղծ էջեր, որոնք միանգամից տասնյակ գովազդներ էին տարածում՝ առանց պատշաճ նշումների։ Մինչև կհասցնեինք գրել դրանց մասին, էջերի մի մասի գործունեությունն արդեն կասեցրել էր «Մետան»։
Նորաստեղծ այդ էջերը հավանաբար բավարար չափով իրազեկված չեն եղել, թե ինչպես է աշխատում հարթակը, ու միանգամից մեծ թվով գովազդներ տարածելով՝ կասկածելի վարքագիծ են դրսևորել, ուստի հայտնվել են «Մետայի» խոշորացույցի տակ։
Օրինակ՝ «Հրապարակ» անունով մի էջ, որն ուներ ընդամենը մի քանի հետևորդ, միանգամից 31 գովազդ էր միացրել։ Մի քանի օր չանցած՝ այս էջի գործունեությունը «Ֆեյսբուքում» դադարեցվեց։
Համաձայն «Մետա» ընկերության պահաջների, որին պատկանում է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, այն էջերը, որոնք տարածում են քաղաքական, սոցիալական կամ ընտրություններին վերաբերող գովազդ, պարտավոր են դրա մասին հատուկ նշում կատարել։ Այդ նշումը (disclaimer) թույլ կտա տեղեկանալ, թե ով է կանգնած տվյալ գովազդի հետևում, այլ կերպ ասած՝ ով է պատասխանատու տարծվող բովանդակության համար։
Գովազդները, կախված շրջանառվող ժամանակից և ծախսված գումարից, կարող են հասնել տասնյակ հազարավոր օգտատերերի՝ ձևավորելով կարծիք կամ վերաբերմունք, ինչը հատկապես նախընտրական շրջանում կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։
Ֆեյսբուքյան էջերը, որոնք տարածում են քաղաքական գովազդ, պարտավոր են անցնել «Մետայի» նույնականացումը, որպեսզի կարողանան տեղադրել գովազդ։ Այս նույնականացումը պահանջում է կոնկրետ անձի կամ կազմակերպության տվյալներ՝ հեռախոսահամար, հասցե և այլ մանրամասներ՝ ապահովելու հաշվետվողականություն և թափանցիկություն։
Միայն այդ նշման դեպքում կարելի է տեսնել, թե ում միջոցներով է շրջանառվել գովազդը, որքան գումար է ծախսվել դրա վրա, և թե ինչ թիրախային լսարան է ընտրված։
Բացի դրանից, «Ֆեյսբուքն» իր արխիվում պահպանում է միայն այն գովազդները, որոնք ունեցել են համապատասխան նշում, հակառակ դեպքում գովազդի ժամկետի ավարտից հետո դրանք անվերադարձ կորչում են։ Նման կարգավորումը հատկապես օգտակար է լրագրողների և հետազոտողների համար, քանի որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել տարբեր էջերի վարքագծեր, ստուգել գովազդների տարածած բովանդակությունը և բացահայտել կոորդինացված արշավներ, որոնք հաճախ ղեկավարվում են կենտրոնացված ձևով և չեն արտահայտում իրական բովանդակություն։ «Մետայի» բառապաշարում այն կոչվում է Inauthentic behaviour կամ անբնական վարքագիծ։
Չնայած այս կարգավորումներին, «Մետան» այնքան էլ հետևողական չէ շրջանառվող քաղաքական գովազդների նկատմամբ՝ թույլ տալով բազմաթիվ էջերի շրջանցել իր իսկ սահմանած կանոները։ Եթե տեղադրողը նախապես չի նշել, որ բովանդակությունը գովազդ է, ապա դրանց զտումը կատարվում է ավտոմատացված բոտերի միջոցով, որոնք, հանդիպելով որոշակի բառերի կամ արտահայտությունների, որոշում են՝ արդյոք տվյալ գովազդը պարունակո՞ւմ է քաղաքականությանն առնչվող տարրեր, թե՞ ոչ։ Սակայն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձը ցուց է տալիս, որ տեխնոլոգիական այս հսկան այնքան էլ հմուտ չէ գովազդի բովանդակությունը տարբերակելու հարցում, և դրա հետևանքով բազմաթիվ գովազդներ, որոնք ոչ միայն քաղաքական են, այլև ապակողմնորոշող, կեղծ կամ մոլորեցնող, հեշտորեն շրջանցում են այդ կարգավորումները և հայտնվում ցանցում։
Նմանատիպ օրինակները բազմաթիվ են եղել Մոլդովայում և Ռումինիայում վերջերս տեղի ուենցած ընտրություններում։ Այս մասին հրապարակումներ են արել տեղական լրատվամիջոցները, ինչպես նաև ուսումնասիրել իրենց երկրներում ընտրական ընթացքի վրա ազդող գովազդները, որոնք հիմնականում ուղղորդվել են այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի կողմից։