photo_2026-05-15_19-32-24

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 8-րդ օրը

Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակել են իրենց արշավը՝ անդրադառնալով ինչպես ծրագրերին, այնպես էլ ընդդիմախոսների հայտարարություններին։

Արմավիրի մարզի Գայ բնակավայրում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դարձյալ ներկա են երեխաներ։ Նիկոլ Փաշինյանը, նկատելով նրանց, հորդորել է վերադառնալ դասի․ «Երեխեք, էս դասից փախե՞լ եք։ Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է։ Երեխեք, հիմա արագ վազքով դպրոց, միանգամից դասի», – քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին ճանապարհելիս նրանց թխվածք բաժանելով։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը, նշել էր, որ դպրոցի 4 տնօրենների հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։ ԿԳՄՍ նախարարությունն էլ արձագանքել էր՝ քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։

Քանաքեռ-Զեյթունի մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին այս օրերին հայտնվել են ՔՊ առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։

«Փաստերի ստուգման հարթակ»-ի նկարահանման ընթացքում առևտրի կետերի աշխատակիցները կամ սեփականատերերը պատմել են, որ քարոզչական պաստառները փակցրել են վարչական շրջանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները ցերեկը, աշխատանքային ժամերին։ Եղել են առևտրի կետերի աշխատողներ, որոնք խոստովանել են, որ իրենց կամքով են քարոզչական պաստառը փակցրել։

Նշենք, որ «Ընտրական օրենսգիրքը» հստակ արգելում է նախընտրական քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտների վրա կամ դրանց ներսում։

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ պնդելով, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ քարոզարշավին։

Թաթոյանի խոսքով խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլև Արմավիրի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։

Նա նշել է, որ համապատասխան հաղորդումներ կներկայացնեն։

Արմավիրի քոլեջի տնօրենը aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարությանը՝ ՔՊ քարոզարշավին ուսանողների մասնակցության վերաբերյալ։

«Ես չեմ կարող որեւէ հայտարարության վերաբերյալ պատասխան տալ, որովհետեւ այս պահին նույնիսկ Արմավիրում չեմ, աշխատաժողովի եմ հրավիրված։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին եք խոսում, դրա համար զերծ կմնամ որեւէ հայտարարություն անելուց»,- ասել է քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը։

Արման Թաթոյանը քարոզարշավի շրջանակում դիմել է պետական համակարգի աշխատակիցներին՝ նշելով, որ պատրաստվում են պետական աշխատողների համար ներդնել հատուկ սոցիալական ծրագրեր։

«Աշխատավարձերը կբարձրացվեն, առաջխաղացման հիմք կլինեն արդարությունը, գիտելիքն ու կարողությունը, հայրենիքի նկատմամբ սերը և պետականության հանդեպ նվիրումը»։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է՝ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ձևավորվել է ԲՀԿ-ի նոր քաղաքական կարգախոսը՝ «Պատրաստվեք լավ փոփոխությունների, պատրաստվեք նոր փոփոխությունների»։

Անդրադառնալով քաղաքական մթնոլորտին՝ Իվետա Տոնոյանը կոչ է արել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին պահպանել քաղաքական կոռեկտությունն ու կառուցողականությունը։

«Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է՝ որևէ օպոնենտի նկատմամբ ցեխ չշպրտել։ Սակայն եթե լինեն անարդար քննադատություններ կամ վիրավորանքներ, բնականաբար դրանց տրվելու են համարժեք պատասխաններ»,- նշել է նա։

Արձագանքելով Փաշինյանի՝ արտաքին ազդեցությունների վերաբերյալ հայտարարություններին՝ Տոնոյանն ասել է՝ արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, և աջակցողներն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են։

«Առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, ՔՊ-ն է, որին պարբերաբար աջակցություն են հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- ասել է Տոնոյանը։

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին հարկադրում են ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին աշխատանքից ազատելու սպառնալիքով։

«Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։

«Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ:

Դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացրել Երևանի փողոցներում։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանն ու Աննա Գրիգորյանը զրուցել են բնակիչների հետ։ 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները՝ նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում մայիսի 15-ին շրջել են Երևանի փողոցներով, հանդիպել և շփվել են քաղաքացիների հետ:

Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վերացնելու հարցին՝ Զուրաբյանն ընդգծել է, որ  առհասարակ  Երևանի ամբողջ ենթակառուցվածքը պետք է փոխել: 

Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկել է ՀՀ նախագահի նստավայրի մոտից։

Մարուքյանի խոսքով՝ գործող նախագահը չի ցուցաբերել անհրաժեշտ ինքնուրույնություն և քաղաքական կշիռ, իսկ նախագահի ինստիտուտը հասարակության համար դարձել է անտեսանելի և պասիվ։

«Չենք ուզում նախագահ, որը ոչ մի հարցում տարաձայնություն չունի գործադիր և չի հակակշռում դատական և օրենսդիր իշխանությունների հետ»,- հայտարարել է կուսակցության նախագահը։

Ազգային ժողովրդավարական բևեռը այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Շենգավիթ և Ավան վարչական շրջաններում։

«Սիրելի հայրենակից, տեր կանգնիր քո և զավակներիդ ապագային, մի թույլ տուր Ալիևի կամակատար Նիկոլի վերարտադրությունը, տեր կանգնիր Արարատին, քո ինքնությանը, տեր կանգնիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- այսպիսի կոչեր են հնչեցրել կուսակցության անդամները:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացրել Գեղարքունիքի մարզում։ 

«Մեր հայրենիքի ջրային պաշարներով կենտրոնի՝ կապուտակ Սեւանի կողքին բնակվելով՝ մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել այստեղ։ Այս ռեսուրսները պետք է օգտագործենք մենք, որպեսզի մարդիկ կարողանան այս տարածաշրջանում լավ ապրել։ Պետություն կառավարելը միայն բյուջե ծախսելը չէ, դա վարժ լինելն է, իմանալ, թե ինչպես պայմանավորվել, գործարարներին բերել Հայաստան ու զարգացնել տնտեսությունը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ ուսուցիչների աշխատավարձը 100-110 հազար դրամ է, ոչ բոլորն են հաղթահարում ատեստավորումը։ «Մեր ծրագիրն այլ է՝ բոլոր ուսուցիչների աշխատավարձն առաջին իսկ տարվանից ամեն տարի 25 տոկոսով պետք է աճի այնքան, մինչեւ 2,5 անգամ ավելանա։ Այսինքն՝ հինգ տարում ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձը 2,5 անգամ կաճի։ Այս միջոցները մեր բյուջեն ունի, այս միջոցներն ուղղվում են պարգեւավճարներին, մենք սա պետք է ուղղենք ամենախոցելի, բայց ամենակարեւոր խմբերին՝ ուսուցիչներին եւ բուժաշխատողներին»,- նշել է նա։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը այսօր քարոզարշավն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ իրենք շեմը հաղթահարած ուժերին պարտադրելու են կազմել 100-օրյա ժամանակավոր կառավարություն հետևյալ երեք կետերի շուրջ՝

  • կայուն մեծամասնության չեղարկում,
  • ընտրական շեմի իջեցում 1%,
  • «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

«Մենք առաջարկում ենք ընդամենը 100 օրով մեզ տալ իշխանությունը, որից հետո մենք կկազմակերպենք Հայաստանի պատմության մեջ առաջին, իսկապես աննախադեպ ընտրությունները, որտեղ վարչապետի թեկնածուն չի ունենալու իր քաղաքական թիմը, որովհետև մեր կուսակցությունը լուծարվելու է։ Վարչապետն ինքը չի ընտրվելու 10 տարի, հաջորդ 10 տարիները չի հավակնելու որևէ նշանակովի կամ ընտրովի պետական պաշտոնի»,- ասել է նա։

Իսկ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ն սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ.Ղ.-ին հրահանգել և հարկադրել է հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Նույն օրը Կ.Ղ.-ն իրեն փոխանցված հիշյալ ապօրինի հրահանգը փոխանցել է նաև այլ անձանց։

Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը և ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով հոդվածներով, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը հոդվածով։

Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ էլ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակել քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի շրջանակում։ Դեպքերը վերաբերում են դարձյալ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն