Մեզ համար ընտրակաշառք բաժանելը բացարձակ անընդունելի է, քանի որ դա այդ վախի համակարգը ստեղծելու բաղադրիչներից է: Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության հրավիրած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Այդ սխեման գործում է բարձրագույն մակարդակով և իջնում է մինչև ներքև: Թե՛ ընտրակաշառք տալը, թե՛ վախեցնելով ձայնը գնելը նույն բանն են, և դա բացարձակ անընդունելի է, քանի որ քայքայում է երկրի քաղաքական համակարգը»,- նշեց նա:
Ըստ նրա՝ քաղաքացին ինքը պիտի ձևավորի պետական համակարգը:
«Երբ քաղաքացին մտնում է քվեախցիկ, ամբողջ իշխանությունն այդտեղ պատկանում է իրեն. նա է ամեն ինչի տերը և բարձրագույն իշխանությունը: Բարձրաստիճան պաշտոնատար անձինք հենց սրանից են վախենում, որովհետև գաղտնի քվեարկությունը որևէ մեկը չի կարող վերահսկել, և դա դուրս է նրանց վերահսկողությունից: Ազատ համակարգի արդյունքում է ձևավորվում այնպիսի համակարգ, որը կառավարում է ոչ թե վախերով, այլ իրավունքով:
Այսօրվա վախի համակարգը նպաստում է նրան, որ պրոֆեսիոնալ մասնագետները դուրս են մնում համակարգից: Օրինակ՝ ճնշում են տնօրեններին, ովքեր էլ սկսում են ճնշել մյուսներին, հավաքում են ուսանողների, գնում են նախընտրական հավաքների, իսկ քվեարկության արդյունքում պաշտոնի եկած նախարարը սկսում է նշանակել միայն «իր մարդկանց»: Արդյունքում պրոֆեսիոնալները չեն նշանակվում աշխատանքի, և եթե այդ նախարարին աշխատանքից հանում են, բոլորը սկսվում են փոխվել, ամբողջ համակարգը ցնցվում է:
Յուրաքանչյուր նախարար ունի պատկերավոր ասած «թիթեռի կյանք»՝ առավոտյան կարող է լինել նախարար, իսկ երեկոյան ազատվել աշխատանքից: Սակայն նախարարը չպետք է ամբողջ համակարգը իր հետ տանի: Մենք պետք է պաշտպանենք միջին և ներքևի օղակները՝ դպրոցի տնօրեններին և պետական ծառայողներին»։