Փորձում են սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ. դատապարտում եմ քարոզչական այս մեթոդը:
Այս մասին Բռնադատվածների հուշահամալիրի մոտ մեկնարկած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախի բարբառով խոսող անհայտ անձանց տեսանյութի վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանություններին:
Նշենք, որ տարածվել է տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված անձինք սպառնում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն, թե նա որ փողոցնելով է քայլում: Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է տեսանյութին՝ ասելով. «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»:
Մարուքյանը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները ՀՀ նախկին նախագահներին դատելու մասին, նշել է. «Փաշինյանը սկսել է 2021թ. նոր խաղերը, տինտիրիտները, որովհետև տեղը նեղն է, որովհետև իրեն օդի պես պետք է բևեռացնել»:
ԼՀԿ ղեկավարն այս ամենը անվանեց նախընտրական քարոզչական թատրոն՝ ընդգծելով՝ բևեռացումը միայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու:
«Նա ցանկանում է առաջին հերթին հաղթել ընտրություններում, երկրորդ՝ ունենալ էն պառլամենտը, որը էսօր կա, էսօրվա պառլամենտից բեթար պառլամենտ կարող է ունենալ: Այս սրացումները թատրոնի մի հատվածն են, ժողովուրդը չպետք է տրվի սրան, որ 2021թ. կրկնությունը տեղի չունենա»,- ասաց Մարուքյանը: