ulmxwzs3ppgooiyhay3h5hnphpwobrnnjycuswlo

Թանգարանները՝ հանրային կյանքի ակտիվ մասնակից. ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրեց ոլորտի ներկայացուցիչներին | armenpress.am

armenpress.am Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 18-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։

Շնորհավորելով ներկաներին՝ նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից թանգարանների ոլորտում վերջին տարիներին իրականացվող շատ ակտիվ քաղաքականությունն ուղղված է նրան, որ թանգարանները դառնան մեր հանրային կյանքի ակտիվ մասնակիցը։

«Թանգարանները պետք է լինեն ակտիվ միջավայրեր, որտեղ ոչ միայն կխոսենք մշակութային կարևորագույն ժառանգության պահպանման մասին, այլև այդ ժառանգությանը հաղորդակից կդարձնենք հանրությանը, զբոսաշրջիկներին՝ իրականացնելով ամենատարբեր կրթական ծրագրեր։ Թանգարանները դրա համար  ընձեռնում են ամենալայն հնարավորությունը։ Պատահական չէ, որ այս տարի Թանգարանների միջազգային օրվա առթիվ ընտրված «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը ցույց է տալիս թանգարանների ներուժը, այն է՝ կարևորագույն ուղերձներ տեղ հասցնելն ու դրանց մասին հանրային երկխոսություն ծավալելը։ Յուրաքանչյուր ցուցադրություն, որին ներկա ենք լինում, ոչ միայն մշակութային արժեքների մասին է, այլև դրանց միջոցով մեզ կարևորագույն ուղերձներ փոխանցելու մասին է։ Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր թանգարանները հենց այդ գործառույթին են մեծ ուշադրություն դարձնում և ներկայացնում են բազմապիսի ու հետաքրքիր ծրագրեր։ Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ մեր թանգարանային կյանքն այնքան ակտիվ է դարձել, որ երբեմն չես հասցնում ամեն տեղ լինել»,-ասաց Անդրեասյանն ու հավելեց՝  մեկ շաբաթվա ընթացքում մի քանի նոր ցուցադրություն է լինում, նոր միջոցառումներ։

Անդրադառնալով նախորդ տարի ոլորտում կատարված լայնածավալ աշխատանքին՝ նախարարը շեշտեց, որ 2025-ին ՀՀ կառավարության միջոցներով կապիտալ ներդրում է արվել երկրի 19 թանգարանում։ Ներդրումներն ուղղվել են շենքային պայմանների բարելավմանը, գույքով հագեցնելուն և այլն։

«Գրականության և արվեստի թանգարանում ևս նման աշխատանք է կատարվել։ Նրանք, ովքեր եղել են թանգարանի վերջին ցուցադրություններին, նկատել են, որ հիմա օգտագործվում են տարածքներ, որոնք նախկինում բոլորովին այլ հնարավորություններ ունեին։ Վերանորոգումներն ու գույքով հագեցնելը թույլ են տալիս նաև ընդլայնել ցուցադրական տարածքները, ձևավորել նոր պայմաններ աշխատանքի համար։  Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թանգարանների մարքեթինգային քաղաքականությանը։ Պետք է ընդունել, որ ապրում ենք ժամանակներում, երբ թանգարան նոր այցելուներ բերելու նոր քաղաքականություն, մոտեցումներ են հարկավոր։ Մենք պետք է ոչ միայն հասցեագրենք այն քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրված են թանգարաններով, այլև նորանոր խմբեր ընդգրկենք, որոնք գուցե մեկ անգամ թանգարան են գալիս  կոնկրետ իրադարձության համար, բայց, կախված մեր աշխատանքից, կարող են դառնալ մշտական այցելու»,-ընդգծեց նա։

Ըստ Անդրեասյանի՝ այդ ուղղությամբ աշխատանքների կարևոր մաս է հուշանվերների արտադրանքի ներկայացումը։ Հուշանվերների միջոցով հնարավորություն է տրվում հանրահռչակել թանգարանային ժառանգությունը։ «Հուշանվերային արտադրանքը մեծ չափով հենց թանգարաններում պահվող մշակութային արժեքների մասին է և այս կամ այն կերպ ներկայացնում է մշակութային արժեքները։ Հուշանվերների միջոցով արժեքների մասին տեղեկություններ ենք փոխանցում մարդկանց»,-նշեց Անդրեասյանն ու տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքներում կլինեն նոր ձևաչափով վաճառասրահներ։

Նա ուրախալի համարեց այն փաստը, որ նախորդ տարվա դրությամբ եղել են թանգարաններ,  որտեղ հուշանվերների վաճառքի մասնաբաժինը կազմել է տարեկան ընդհանուր եկամտի մինչև 42. 3 տոկոսը։

Խոսելով թանգարանների սեփական եկամուտների մասին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնակի ընդգծեց, որ 2025-ին թանգարանների սեփական եկամուտները 2022-ի նկատմամբ աճել են 859 մլն դրամով կամ 112 տոկոսով, ինչի արդյունքում ֆինանսավորման ընդհանուր ծավալում սեփական եկամուտների մասնաբաժինը հասել է  մինչև 37.9 տոկոսի։ «Սա շատ լավ ցուցանիշ է, և ցույց է տալիս, որ մեր թանգարանները գնալով ավելի ակտիվ են աշխատում, ինչը հանրության հետ կապի և հանրության ներգրավածության, թանգարանների տնտեսական ազդեցության շատ կարևոր ցուցանիշ է»,-հավաստիացրեց նա։

Նախարարի խոսքով՝ դա երևում է նաև թանգարանների այցելությունների աճի թվերում։ «Նախորդ տարի թանգարաններն ունեցել են ավելի քան 1. 3 մլն այցելություն, իսկ 2021 թվականի հետքովիդյան շրջանի ցուցանիշն արդեն իսկ գերազանցում ենք 40 տոկոսով»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով «Թանգարանների գիշեր»-ին նա նշեց, որ այն շատ սիրելի ու պահանջված տոն է  դառնում, և մարդիկ սովորում են թանգարանների առջև հերթեր տեսնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն