«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:
Ըստ Արամ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները դուրս են գալիս փողոց, որ ցույց տան՝ «նայեք՝ ես վարչապետ-վարչապետ դուրս եմ եկել փողոց ձեզ հետ խոսելու»:
«Ու վայը տարել է, որ ընդդիմադիր հայացքներով որևէ մեկը մոտենա, միանգամից ասում են, թե ուրիշ ղեկավարների դեպքում կարայի՞ք տենց խոսայիք վարչապետի հետ, եթե տենց ասեիք, ձեզ զուգարաններում ծեծելու էին»,- նշում է նա՝ հարց ուղղելով՝ «դա ձեր որոշումն ա՞, որ տենց չի լինում»:
Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քաղաքական գնահատականը արդեն տվել են նախկինում այդպես վարված քաղաքական ուժերին եւ գնահատական կտան նաեւ այս դեպքում.
«Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… Բոլոր քաղաքական ուժերն, ովքեր էդպես են արել, ժողովուրդը իր քաղաքական գնահատականը տվել է, և ձեզ էլ է տալու, Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա՝ կոչ անելով իշխանությանը, որ եթե ստացվի այնպես, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որեւէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն։