Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է լրագրողի աշխատանքի կոպիտ խոչընդոտման և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման միջադեպ․ միջադեպի առնչությամբ «Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
«Մասնավորապես, երբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանից առ այն, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամին ներկա գտնվում իշխող ուժի քարոզարշավին, համայնքապետի տեղակալը հունից դուրս է եկել, հարվածել է տեսախցիկին և հայտարարել․ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Սպիտակի համայնքապետը։
«Ականատես» դիտորդական առաքելությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության կամ նրանց աշխատանքի խոչընդոտման ցանկացած դրսևորում, ինչպես նաև հիշեցնում, որ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությանը մասնակցելն օրենքի խախտում է»։