tert.am Դիմել ենք ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի, կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։
«Գրազ եմ գալիս, երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Ընկերության բաժնետեր կարող եմ լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով, հայցեր են ներկայացրել․
«Մինչև երեկո կհրապարակենք, կարծում եմ՝ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիները, որոնք պաշտոնյա չեն, չենք ուզում իրենց դեմ ներկայացնենք, մարդկանց ֆինանսական խնդիրներ չպատճառենք, իրենք մոլորության մեջ են, բայց ՔՊ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվելու են»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու եւ թաքցնելու մասին ՔԿ-ի հայտարարությունը զրպարտություն է՝ պահանջելով «անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով». «Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ` մոլորեցնելով հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Այս արատավոր երևույթն առավել անընդունելի է նախընտրական քարոզչության փուլում՝ երբ հստակ թիրախավորվում է նաև քաղաքական ուժը և նրա առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածուն, այն էլ հիմք ընդունելով ակնհայտ կեղծ տեղեկությունը։ Եթե հերքումը անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթուղթ հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի:
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։