IMG_3560

Եթե պետությունը զուտ քաղաքական մոտիվացիայով հարձակվում է մասնավոր սեփականության դեմ, ապա դա վատ հետևանքների է բերելու. Լևոն Զուրաբյան | pastinfo.am

pastinfo.am Հենց նոր լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը նրա մասին, որ ինքը հիմա էլ լիազոր ներկայացուցիչ է մտցնելու Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարան և այսուհետև, ինչպես ինքն արտահայտվեց, սա այլևս Գագիկ Ծառուկյանի սեփականությունը չի, այլ՝ Հայաստանի ժողովրդի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Հիմա կասեք՝ դե ի՞նչ վատ բան կա, եթե իսկապես ապօրինի գույք է, պետք է բռնագրավել, ի վերջո թող ժողովրդին գնա։ Խնդիրը այստեղ հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն այս ամեն ինչն անում է միայն ընտրական նպատակներով։ Այսինքն մինչև այս մարդը եթե Նիկոլի հաշվարկով իր համար ոչ մի վտանգ չէր ներկայացնում, ամեն ինչ հանգիստ էր: Հենց սկսեց ներկայացնել, ինքն անցնում է հաշվեհարդարի, էքսպրոպրիացիայի և այլն: Ի՞նչ է։ Այս պրակտիկան նշանակում է մի բան: Նիկոլ Փաշինյանը ոչ Սահմանադրություն է ճանաչում, ոչ օրենք է ճանաչում: Ես ձեզ ասեմ՝ սրա հետևանքներն էլ են շատ ծանր լինելու, ներդրումային առումով, որովհետև եթե պետությունը կարող է զուտ քաղաքական մոտիվացիայով հարձակում գործի մասնավոր սեփականության ինստիտուտի դեմ, դա վատ հետևանքների է բերելու»,- մանրամասնեց նա։

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի սկզբունք չունի և նա սկզբունքների մասին միայն հիշում է այն ժամանակ, երբ պիտի ընտրվի։

«Կարճ ասած մենք նորից տեսնում ենք, որ Փաշինյանի Հայաստանում օրենքը, Սահմանադրությունը չեն հարգվում»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ նախ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, ապա  Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն