armenpress.am «Միասնության թևեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը հարց է բարձրացրել, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։
«Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- նշել է Արման Թաթոյան։
Նա շեշտել է, որ պետությունը պարտավոր է արժևորել գյուղացու տարիների աշխատանքը և ապահովել սոցիալական արդարություն այն մարդկանց համար, ովքեր իրենց աշխատանքով պահել են գյուղն ու գյուղատնտեսությունը։