Առաջին նվիրատվությունը կատարել է Մարտունու բժշկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը՝ հունվարի 13-ին փոխանցելով 25 հազար դրամ։ Երկու ամիս անց սկսվել է համաժամանակյա նվիրատվությունների շրջանը։ Այսպես, մարտի 4-ին և 5-ին կուսակցությանը նվիրատվություն են կատարել Շիրակի մարզի 5 բժշկական կառույցների` Արթիկի բժշկական կենտրոնի, Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի, Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի և Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենները։
Հաջորդ օրը՝ մարտի 6-ին, 500-հազարական դրամ են փոխանցել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրենները։ Նույն օրը 40-300 հազար դրամի նվիրատվություններ են կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, Ամասիայի առողջության կենտրոնի, Ախուրիկի բժշկական ամբուլատորիայի, Հրազդանի, Աբովյանի և Վանաձորի բժշկական կենտրոնների ղեկավարները։
Հետաքրքիր զուգադիպությամբ Գյումրու «Բեռլին» պոլիկլինկայի տնօրեն Դավիթ Դավոյանը և Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Խաչիկ Գալստյանն իրենց երկրորդ նվիրատվությունը նույնպես կատարել են նույն օրը՝ այս անգամ՝ մարտի 7-ին։ Նույն օրն ընդհանուր ավելի քան 1․5 մլն դրամի նվիրատվություն է կատարել ևս 7 բժշկական կառույցի՝ Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի (այժմ նախկին), «Նաիրի» բժշկական կենտրոնի, Փանիկի առողջության կենտրոնի, Չարենցավանի բժշկական կենտրոնի (այժմ նախկին), Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենները։
Նույն օրը նվիրատվություն է կատարել նաև Վահե Կորյունի Հակոբյան անունով մի քաղաքացի։ Այս անուն-ազգանուն-հայրանունն ունեցող երեք անձ կա Հայաստանում, նրանցից մեկը Թոքաբանության ազգային կլինիկայի տնօրենն է։ Կլինիկայի տնօրեն Վահե Հակոբյանը, ի պատասխան մեր ճշտող հարցին՝ ի՞նքն է արդյոք նվիրատուն, թե՞ ոչ, հայտնեց․ «Նախորդ տարվա բան եք հարցնում․ կդժվարանամ հիշել»։
Մարտի 7-ի նվիրատվութունների ցանկում հանդիպում է նաև Սիմոն Վոլոդյայի Մանուկյան անունով նվիրատու։ Հայաստանում երկու մարդ է հաշվառված այս տվյալով։ Նրանցից մեկը Արթիկի մոր և մանկան հիվանդանոցի տնօրենն է, որը մեր հարցին արձագանքեց այսպես․ «Կոռեկտ հարց չեք ուղղում․ նպատակահարմար չեմ գտնում պատասխանել»։
Այսպիսով, մենք չունենք ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում՝ ևս երկու ԲԿ-ի տնօրեն մասնակցե՞լ են համաժամանակյա նվիրատվությանը, թե՞ պարզապես համընկնում է տեղի ունեցել։ Այնուամենայնիվ, այս անունները կրող երկու անձինք էլ նվիրաբերել են 100-հազարական դրամ։