photo_2026-05-21_22-53-35

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 14-րդ օրը

Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 14-րդ օրն էր։ 

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել [Անդրանիկ Թեւանյանի կողմից ենթադրյալ] պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Երեկ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրել եք հայրենիքի դավաճանության մեջ ու իրավապահներին հրահանգել զբաղվել այդ հարցով։

Իրավապահ մարմինն այսօր հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն [Անդրանիկ Թեւանյանը,- Infocom], 2021-ին ընտրված լինելով ԱԺ պատգամավոր, 2024-ի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։

Նշված է, որ նա ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն:

Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ-ի հայտարարությունից հետո Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել։

«Այս «կարված» գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021-ին, այո, ընտրվել եմ պատգամավոր ԱԺ ընտրությունների արդյունքում, բայց, ուշադրություն, 2023-ին վայր եմ դրել մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին՝ որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 2024-ի նիստի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել։ Այսինքն ես ֆիզիկապես մասնակցել չէի կարող 2024-ի լսումներին։ Հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են ինչ-որ գումարային և այլ թեմաների հետ կապված»,- մեկնաբանել է Թեւանյանը՝ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ։

ՔԿ-ն էլ արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը գրել է․

«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- ասված է գրառման մեջ:

Իսկ ավելի վաղ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում կայացած քարոզարշավի ժամանակ անդրադարձել էր Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի մասին հնչեցրած մեղադրանքներին՝ ասելով․

«Եթե ապացուցեն, իմ գործընկերոջը ես կգնդակահարեմ, եթե ոչ՝ սուտ ասողներից մենք պատիվ ենք պահանջում։ Նման հայտարարություն անողը պետք է պատիժ կրի, չեմ ասում՝ գնդակահարենք, թող գա, իմ առյուծի մոտ մտնի, դուրս գա»,- հայտարարել էր Ծառուկյանը։

Օրերս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանն այսօր կալանավորվել է 2 ամսով: Նրան մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ:

Օսիպյանի պաշտպան Ռոման Երիցյանը «Ազատությանը» հայտնել է, որ կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «The Insider-ի հրապարակման վերաբերյալ՝ նշելով, որ դրա «նպատակն է ահաբեկել հայ հասարակությանը ընտրությունների նախօրյակին»:

«(…) Անհանգստություն է հարուցում [Հայաստանի] ղեկավարությունը քննադատող հայ ընդդիմությանն ու հասարակական գործիչներին արժեզրկելու գիծը։ Նման գործիչների՝ ռուսական կողմի հետ ցանկացած շփումը, միջազգային հարթակներում ու փորձագիտական միջոցառումներին մասնակցությունն ավտոմատ կերպով հայտարարվում է «ռուս հատուկ ծառայությունների հովանու ներքո ծառայություն», իսկ ընդդիմադիր գործունեությունն ինքնին՝ «Կրեմլի օպերացիայի» մաս։ Այլ կերպ ասած, հայ հասարակությանը փորձում են պարտադրել «կառավարության քննադատություն = Մոսկվայի գործակալ» պարզունակ սխեման։ Նման «հետաքննությունների» ֆոնին ակնհայտ է դառնում, թե ուր են գնում «ժողովրդավարության աջակցության» ու «Հայաստանում ազնիվ ընտրությունների նպաստման» պատրվակով հատկացվող եվրոպական միջոցները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան։

Նա հեղինակությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցում է պահանջել ՔԿ-ից՝ սիմվոլիկ 1 դրամ։ Այս մասին հատնել է նրա փաստաբան Վարդան Ալոյանը։

«Քննչական մարմինը միանշանակ նշում է, որ Նարեկ Կարապետյանը հանցանք է գործել` թաքցնելով այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստը։ Մենք հայցադիմում ենք ներկայացրել, որ հրապարակային հերքում տարածեն և ներողություն խնդրեն»,– ասել է փաստաբանը։

Հակոկոռուպցիոն կոմիտեն կրկին ընտրակաշառք տալու դեպքի մասին է հայտարարել։ Ըստ հաղորդագրության՝ «Ուժեղ Հայաստանի» Ալավերդիի գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացրել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։ 

Քրեական վարույթ է նախաձեռնվել, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը դատապարտելի է համարում ՀՀ քաղաքական գործընթացներին այնպիսի անձանց կամ ուժերի մասնակցությունը, որոնց առնչությամբ իրավասու մարմինների կողմից կհաստատվի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակալական, ենթակա կամ ուղղորդվող կապի առկայությունը։

«Դատապարտում ենք օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը թաքցնելու կամ այդպիսի հանգամանքը ընտրական գործընթացում ապօրինի ազդեցություն գործադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ։

Անընդունելի ենք համարում քաղաքական պայքարում ապօրինի ունեզրկման, սեփականության բռնազավթման կամ օրենքից դուրս «պետականացման» սպառնալիքների հնչեցումը։

Դատապարտում ենք ապօրինի, կոռուպցիոն ծագում ունեցող գույքի կուտակումը և հանրային ռեսուրսների մասնավորեցումը նեղ խմբային շահերի համար։

Քաղաքական տարաձայնությունները և հակասությունները չպետք է հանդիսանան պատճառ ուղղորդված ձերբակալությունների, հարցաքննությունների, խուզարկությունների և շինծու մեղադրանքների և դատավարությունների համար»,- հայտարարել է կուսակցությունը:

«Բոլորին դեմ եմ» կուսակցության 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել՝ իշխանություն չդառնալու պարագայում մանդատներից հրաժարվելու գործընթացը հեշտացնելու նպատակով:

«[Իշխանության չգալու] դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով 5 տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։

Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։

ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, խոստացված ժամկետներում»,- հայտարարել է կուսակցությունը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում են եղել։

Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանից հնչող զգուշացումներին. 

«Այս մարդը [Նիկոլ Փաշինյանը- խմբ.] չի հասականում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է: Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Այդ երկիրը լավ գիտեմ ու տողերի արանքում կարդում եմ՝ ինչ են ասում: 

Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ: Լավ, մտել ես քարոզարշավի մեջ, չես կարող լեզուդ քեզ պահես, մեծ պետություններին չկպնես»,- Ապարանում ասել է Քոչարյանը։

«Լուսավոր Հայաստանն» էլ այսօր քարոզարշավ է իրականացրել Սահմանադրական դատարանի մոտ։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է.

«Սահմանազատման մասին կանոնակարգը հաստատելը վիճակվել էր Սահմանադրական դատարանին։ ՍԴ–ում սա քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում որևէ քարտեզ չի կցվել, ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։ Ստացվում է, որ ՍԴ–ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել»,– ասել է Մարուքյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավն ամփոփել է Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքով։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արարատի մարզում 2018 թվականից իրականացված ծրագրերին, նշել է, որ Կառավարության մասնակցությամբ շուրջ 325 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։ 

Նրա խոսքով՝ մարզում ընդհանուր առմամբ 325 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ ու փողոցներ են կառուցվել կամ նորոգվել։ Բացի այդ իրականացվում են 24 դպրոցի, 33 մանկապարտեզի հիմնանորոգման կամ կառուցման աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտված է։ Իրականացվել է նաև ավելի քան 210 կիլոմետր գազատարների անցկացում, իսկ մարզի երկու սահմանամերձ բնակավայրերում ընթացքում են 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրով 185 առանձնատների կառուցման նախագծային աշխատանքները։ Նա անդրադարձել է նաեւ այլ թեմաների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն