ԱԱԾ-ն այսօր առավոտյան 7-ին մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, հայտնում է «Հայաստան» դաշինքից նախկին պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Նա ԱԱԾ-ի ներս մտնելու ժամանակ ուղիղ եթեր է արել՝ պահանջելով ցույց տալ քննչական գործողություններ կատարելու օրինականությունը հավաստող փաստաթուղթը, մինչդեռ իրավապահներից մեկը փորձել է հեռախոսը խլելով դադարեցնել տեսագրությունը, ինչը չի հաջողվել։
Փաստաբանի ժամանելուց հետո սկսվել են քննչական գործողություններ, այդ ժամանակ ուղիղ եթերն ավարտվել է։
Նշենք, որ գրասենյակում է եղել նաեւ Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն նախօրեին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։
Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել։