img_3844

Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք. սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը. Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ.

«Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ:

Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ: Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել. հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն:

Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք. սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը, եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից:

Լսե՛ք քննադատությունը. միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում: Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

Մի՛ վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ: Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում, առաջնորդությունն է, որ օգնում է որոշումներ կայացնել, հստակեցնել անելիքը:

Հիշե՛ք, որ երբեք չեք դադարելու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ձեզ՝ ամեն օր նոր բան սովորել:

Բայց այդ ամենը՝ հետո: Այսօր ուղղակի վայելեք ձեր օրը: Ամուր գրկեք ձեր ընկերներին ու ուսուցիչներին. նրանք կյանքի այս կարևոր փուլի ձեր ուղեկիցներն են, նրանց հետ ապրած օրերը ձեր կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ հիշելու եք պարբերաբար ու ժպիտով:

Բարի՛ երթ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն