clzeu78ungaulojmvn8m0xfxsdyyw0hs58m0zipl

Փաշինյանն անդրադարձել է Անդրանիկ Թևանյանին նկատմամբ հարուցված քրեական վարույթին | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթին։

Վարչապետն այդ մասին խոսել է մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իրավապահ մարմիններն այս փուլում այդ մասին հայտարարություն, եթե Թևանյանի կողմից ենթադրյալ լրտեսության դեպքը, ըստ քրեական վարույթի, տեղի է ունեցել 2024 թվականին։

«Երբ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն՝ մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնել, որովհետև մենք օպերատիվ հետևում ենք, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն։ Էլ չեմ ասում, որ լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։

Այսինքն՝ պարզ է չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալում, հենց իմացանք լրտես է, գնալ միանգամից բռնելը գրագետ չէ։ Պետք է թողնել, նրա կապերը տեսնել, ո՞ւմ հետ է աշխատում, ո՞ւմ է փոխանցում ինֆորմացիա, ումի՞ց է ստանում ինֆորմացիա, ի՞նչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը, ինչի՞ մասին են այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա են չէ՞ տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Պետք է տեսնել, թե ո՞ւմ է նա ներգրավում, ո՞ր կուսակցության ցուցակում է հայտնվում, ո՞նց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումի՞ց է ստանում հրահանգը, ինչո՞ւ է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե՞ չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն ճ կլասի լրտես է։ Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ խնդիր ունի։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, չէ՞»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է՝ պետք է նաև հասկանալ, թե արդյոք այս ամենը կապ ունի՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդու գործոնի հետ, քանի որ Անդրանիկ Թևանյանը հենց այդ կուսակցության նախընտրական ցուցակում է ընդգրկված՝ որպես պատգամավորի թեկնածու։

Գագիկ Ծառուկյանի որդին Հայաստանում հետախուզման մեջ է, քանի որ նրա նկատմամբ քրեական վարույթ կա նախաձեռնված խուլիգանության հոդվածով։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ծառուկյանի որդին Բելառուսում է։

«Պետք է հասկանալ այդ որդու գործոնով նրա վրա ազդե՞լ են, թե՞ չեն ազդել, թե՞ ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե՞ ինչ-որ բիզնես շահեր ունի։ Եվ այլն և այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որոնց մասին մենք գիտենք, իսկ իրենք չգիտեն, որ մենք դրա մասին գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անելը, այն պահին էլ անում ենք այդ գործողությունը։ Որոշում է կայացվում այն պահին, երբ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնանք գործողության»,- ասել է Փաշինյանը։

Նա Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական գործի մասին այլ մանրամասներ չի հայտնել՝ շեշտելով, որ մանրամասների մասին քննչական մարմիններն ըստ պատեհության կտեղեկացնեն։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել։ Այսօր առավոտյան ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, իրականացրել են քննչական գործողություններ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն