azatutyun.am ԿԸՀ-ն իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել, «Ազատությանը» փոխանցեց ԿԸՀ-ի խոսնակը։
Պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ Նրա նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս է հանձնաժողովը։
Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահներն առավոտից խուզարկում են երեկ հարուցված պետական դավաճանության և լրտեսության հոդվածների շրջանակում։ Խուզարկությանը ներկա է նաև Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։
Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ Այսօր առավոտյան ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, իրականացրել քննչական գործողություններ։