անդրանիկ թևանյան

Կարգավիճակ չունեմ. իրավապահներն արդեն Թևանյանի բնակարանում են խուզարկություն անում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար, պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Ես ոչ մի կարգավիճակ էլ չունեմ։ Գրասենյակից տարել են հեռախոս, համակարգիչ։ Փաստաթղթեր, որպես այդպիսին, չկային։ Ընդ որում` հեռախոսը երևի մոտ 20 տարվա է։ Այս ամենը մեր քարոզարշավն էլ է խոչընդոտում, մենք այդպես ենք գնահատում։ Ժամը 12։00-ին ճեպազրույց պետք է ունենայի, դա էլ է խաթարվում։ Հիմա խուզարկությունը բնակարանում է շարունակվելու»,– նշեց Թևանյանը։

Ճեպազրույցը դեռ չավարտած` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներից մեկը մոտեցավ Թևանյանին և առաջարկեց իրենց հետ գնալ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հորդորեց Թևանյանին չնստել իրավապահների մեքենան, քանի որ ազատությունից զրկված չէ ու որևէ կարգավիճակ չունի։ ԱԱԾ ծառայողն էլ պարբերաբար հորդորում էր նստել մեքենան, սակայն Թևանյանն այդպես էլ չնստեց, ու որոշ բանակցություններից հետո ոտքով շարժվեցին դեպի իր բնակարան։

Երբ տեղ հասան, պարզվեց, որ դիմակավորված իրավապահներն արդեն ներսում են, այն դեպքում, երբ տան անդամներից որևէ մեկը չկար։

Ծանուցագիր նույնպես իրավապահները չեն ներկայացրել Թևանյանի բնակարան մուտք գործելու և խուզարկություն անելու համար։ Բացի իրավապահներից, բնակարան կարողացավ ներս մտնել միայն փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար:

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն