photo_2026-05-22_18-57-06

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 15-րդ օրը

Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրն էր, որը բացվեց ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկության լուրով։

ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից նախ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ապա նաև պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով անցնող, կուսակցության ղեկավար, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի տանը քննչական գործողություններ էր իրականացնում: 

«Հայաստան» դաշինքից նախկին պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ԱԱԾ-ի՝ գրասենյակ ներս մտնելու ժամանակ ուղիղ եթեր է արել՝ պահանջելով ցույց տալ քննչական գործողություններ կատարելու օրինականությունը հավաստող փաստաթուղթը, մինչդեռ իրավապահներից մեկը փորձել է հեռախոսը խլելով դադարեցնել տեսագրությունը, ինչը չի հաջողվել։ Ավելի ուշ իրավապահները Անդրանիկ Թևանյանից շուտ հասել են նրա տուն և սկսել խուզարկություն այնտեղ այն դեպքում, երբ տան անդամներից որևէ մեկը տանը չէր:

Դատախազն այսօր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ: Նշենք, որ պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն, և նրա նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս է հանձնաժողովը։

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն էլ խուզարկել են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակ: 24News-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Մարտուն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: 

Հակակոռուպցիոն կոմիտեն էլ ընտրակաշառքի գործով հերթական քրեական վարույթն է նախաձեռնել: Մասնավորապես, ըստ հաղորդագրության, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով կուսակցության համակիրը Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ մի շարք ընտրողների տվել է 70-200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք:

Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։ Ձերբակալվել են մի շարք անձինք»:

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով քրեական վարույթն է նախաձեռնել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։

Կոմիտեից հայտնում են՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «բոչկա գլորելու» քաղաքական ակցիա է իրականացրել  Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության Հրապարակ երթուղով. բոչկաների վրա փակցված էին ընտրություններին մասնակից ուժերի լոգոները:

Կուսակցությունից հայտնել են, որ սրանով ցույց են տալիս, որ «Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է՝ իրենց համար խաղաղության բանաձեւը ուժեղ դիվանագիտությունն է, հարաբերությունների վերականգնումը դաշնակից երկրների հետ, մյուս գերտերությունների հետ հարաբերությունների ուժեղացումը։

«Մենք ուրիշ ձեւ չունենք, նորից եմ ասում՝ փոքր երկիր ենք, պետք է ունենանք վստահելի հարաբերություններ»,- ասել է Կարապետյանը։

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ հայտարարել է՝ իրենք ընդդիմություն են, հանդես են գալիս ընդդիմափոխության օրակարգով․

«Ժողովուրդն ինչպես տերն է իշխանության, այնպես էլ տերն է ընդդիմության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հաշվետու են քաղաքացուն: Մենք տեսնում ենք՝ անցած 5 տարիների ընթացքում ընդդիմությունը միանգամայն այլ օրակարգ է սպասարկում ու կապ չունի քաղաքացիների իրական պահանջմունքների հետ եւ ամեն ինչ անում է հակառակ մեր պետության շահերի: Այսօր պետության վզին թոկի նման ընկած խոչընդոտում է, որ պետությունն իր շահերից բխող քայլերն իրականացնի»,- ասել է Մեհրաբյանը։

Նոր Նորքում կայացած քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաջորդ հինգ տարվա ընթացքում կառուցելու են հարյուր կոմբինացված խաղադաշտ բասկետբոլի և ֆուտբոլի համար։

«Մտադիր ենք կառուցել ևս հարյուր սպորտդպրոց, արվեստի, երաժշտական դպրոցներ։ Առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտում ենք ու սկսում ենք հաջորդ 300 դպրոցի ծրագիրը»,- ասել է նա։ 

ԿԸՀ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։

ԿԸՀ-ում այսօր ընդունել են ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության  պատվիրակությանը, ներկայացրին ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն