MmHAGigncSy4Mgbb1B9P4vd5gW5ePMObF6FXrexL

Մարկո Ռուբիոյի այցը միայն մեկ նպատակ ունի՝ ցավացնել Ռուսաստանին. Ռոբերտ Քոչարյան | news.am

news.am ԱՄՆ-ի շահերը Հայաստանում հանգում են նրան, որ վերահսկողության տակ վերցնեն Իրանի հետ սահմանը և ցավացնեն Ռուսաստանին։ Այս մասին Վայքում զանգվածային լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ վաղը նախատեսված կարճատև այցի մասին հարցին, քաղաքական գործիչը ենթադրել է, որ այդ այցը թելադրված է հենց Ռուսաստանին ցավ պատճառելու նույն ձգտումով։

Այն հարցին, թե արդյոք աջակցության նման ցուցադրումը միջամտության փորձ է, Քոչարյանը նկատել է, որ դա, անշուշտ, միջամտության փորձ է, և վերջին ամիսներին նման բազմաթիվ փորձեր են եղել։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Հունգարիայի ընտրություններում ևս նմանատիպ իրավիճակ էր։ Ամեն ինչ խառնվել է իրար. այն, ինչ 15-20 տարի առաջ համարվում էր դատապարտելի, այժմ այդպիսին չի համարվում, նկատել է Քոչարյանը։

Անդրադառնալով Ռուբիոյի հետ փաստաթղթերի ստորագրման մասին արված հայտարարությանը՝ Քոչարյանը նշել է, որ չգիտի, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։ «Իմ տպավորությամբ՝ դա նախընտրական քարոզարշավի մի մասն է։ Ենթադրում եմ, որ համառորեն ուզում են ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չպարտվի ընտրություններում։ Ես չեմ տեսնում, որ ԱՄՆ-ն էական շահեր ունենա Հայաստանում։ Կա մեկ շահ՝ վերահսկողության տակ վերցնել Իրանի հետ սահմանը և ցավ պատճառել Ռուսաստանին, որպեսզի տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինեն Թուրքիայով։ Բխո՞ւմ է դա արդյոք մեր շահերից։ Կարծում եմ՝ ոչ», – եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն