«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը անդրադարձել է մամուլի տեղեկություններին, թե Անդրանիկ Թևանյանի գործով անցնում է նաև ինքը։
«Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը։
«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունածաց թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին։
Իսկ եթե լուրջ, ապա իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության։ Էն մի հոգավորի դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում։
Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ձեր քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին և ձևավորել նոր, ազգային իշխանություն։
Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին»,- գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է:
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։
Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ Ավելի ուշ ԱԱԾ-ն մտել էր «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Թևանյանի բնակարան, իրականացրել քննչական գործողություններ։