armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հնարավոր է համարում մարտական գործողությունների էսկալացումը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել հակամարտության կարգավորման ջանքերը: Այս մասին նա հայտնել է Հնդկաստանում լրագրողների հետ զրույցում:
«Բոլոր պատերազմներում վտանգն այն է, որ դրանք շարունակում են սրվել: Մեկն ուժեղ հարված է հասցնում, մյուսը պատախանում է, և այս ամենը շարունակվում է: Ահա թե ինչու հարկավոր է, որ այս պատերազմն ավարտվի», – նրա խոսքերն է փոխանցում ԱՄՆ պետքարտուղարությունը:
Ռուբիոն նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է արդեն ավելի երկար, քան Երկրորդ համաշխարհային պատերազմը, և հարկավոր է դադարեցնել այն:
«ԱՄՆ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն բան՝ այդ պատերազմի ավարտին նպաստելու համար, և մենք հույս ունենք, որ նման հնարավորություն կստեղծվի որոշակի պահի», – ասել է նա։
Ռուբիոն հավելել է, որ այս պահին ակտիվ բանակցություններ չեն ընթանում Ուկրաինայի հետ, բայց Վաշինգտոնը միշտ պատրաստ է կառուցողական և օգտակար դեր կատարել, երբ դրա հնարավորությունը ստեղծվի: